Մարտի 10-ին Վաշինգտոնի «Եվրոպական ինստիտուտ» հաստատության կողմից «Կոսմոս» ակումբում անցկացվել է «Եվրասիական տնտեսական միություն. Հայաստանի անդամակցությունը և հետագա քայլերը» խորագրով քննարկում, որի հիմնական բանախոսն է եղել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում ՝ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունը։
Դեսպան Սարգսյանն իր ելույթի սկզբում անդրադարձել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության շարժառիթներին: Խոսելով տնտեսական գործոնների մասին՝ նա նշել է, որ Հայաստանը, ինչպես որևէ այլ սահմանափակ շուկա և ռեսուրսներ ունեցող երկիր, չի կարող միայնակ, առանց որևէ ինտեգրացիոն միությանն անդամակցելու, հաջողության հասնել կենսունակ և կայուն զարգացում ունեցող տնտեսություն ձևավորելու գործում:
Ուստի, ըստ դեսպան Սարգսյանի, բնական էր, որ Հայաստանը պետք է ձգտեր տնտեսական ինտեգրմանը, ընդ որում այնպիսի կազմավորման հետ, որի անդամների հետ արդեն իսկ ունի սերտ տնտեսական կապեր և համագործակցության հարուստ ավանդույթ: Այդպիսի կառույցի հատկանիշներին լիովին համապատասխանում է Եվրասիական տնտեսական միությունը: Անդամակցությունը ԵՏՄ-ին հնարավորություն է տալիս մուտք գործել 170 մլն բնակչություն ունեցող շուկա, ուր Հայաստանի ապրանքները ճանաչելի և մրցունակ են: Այն նաև էժան հումք ձեռք բերելու հնարավորություն է ստեղծում, ինչպես նաև լայն ասպարեզ բացում ներդրումների ներգրավման և աշխատանքային ուժի ազատ տեղաշարժի համար: Որպես ԵՏՄ-ին անդամակցելու հիմնարար շարժառիթ` դեսպանը նաև հիշատակել է այդ կազմակերպության անդամների հետ անվտանգության նույն համակարգում՝ ՀԱՊԿ-ում, գտնվելու կարևոր հանգամանքը: