«Ազատ դեմոկրատներն» իր առաջարկները ներկայացնելուց և հանրաքվեի դրվելիք տեքստին ծանոթանալուց հետո կհստակեցնի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր դիրքորոշումը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչ դիրքորոշում ունեն՝ կապված կառավարման մոդելի փոփոխման հետ:
Հիշեցնենք, որ սամանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Ազատ դեմոկրատներ կուսակցության ներկայացուցիչներ Խաչատուր Քոքոբելյանի, Անուշ Սեդրակյանի և Հովհաննես Ղազարյանի հետ:
«Մեր դիրքորոշումը միշտ եղել է հստակ, հիմա էլ նույնն է, մենք առաջարկներ ունենք Սահմանդրության փոփոխության հետ կապված, թե՛ պառլամենտական և թե՛ նախագահական համակարգերն իրենց մեջ պարունակում են և՛ դրական, և՛ վտանգավոր կողմեր, և մեր առաջարկություններից ու վերջնական ` հանրաքվեի դրվելիք տեքստի հրապարակվելուց հետո միայն կարող ենք հստակեցնել մեր դիրքորոշումը»,-հայտնեց Խաչատուր Քոքոբելյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե անկախ նրանից՝ ինչ լուծումներ կտրվեն, ԱԴ-ն կառավարման խորհրդարանական մոդելին ինչպես է վերաբերում, Խաչատուր Քոքբելյանը նկատեց, որ դա եղել է իրենց ծրագրային դրույթներից, բայցև` ավելացրեց. «Կրկնում եմ` թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական մոդելներն ունեն իրենց առավելությունները և թերությունները»:
Այսինքն` ԱԴ-ի համար շատ կարևոր խնդիր է, թե ինչպիսի փոփոխությունների կգնա պետք է նախագիծը մշակող հանձնաժողովը: