Նշվում է, թե Եվրոպական բանակ ստեղծելու գաղափարը Ռուսաստանին զսպելու նպատակ ունի: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ անդրադառնալով եվրոպական բանակ ստեղծելու գաղափարին:
«Եվրոպայի հեղինակությունը շատ ընկած է, սուվերենությունը շատ ցածր է և ինքնուրույն որևէ խնդիր չեն կարողանում լուծել»,- ասաց նա և նշեց, որ միացյալ ռազմական միավոր ստեղծելու գաղափարը համընկավ էներգետիկ համակարգ ստեղծելու հետ: Ըստ նրա, եթե այս գաղափարն իրագործվի Եվրոպայում պատկերը կարող է փոխել: Նա նշեց, որ այս գաղափարի հիմքում Մերկելն է կանգնած, և եթե այն իրագործվի, Եվրոպայի կառավարիչը կարող է դառնալ Գերմանիան, Անգլիան կհեռանա Եվրամիությունից, իսկ փոքր երկրները կկորցնեն իրենց ինքնուրույնությունը:
«Ես կարծում եմ, որ մենք գործ ունենք քաղաքական խորը մտածված բլեֆի հետ: Ասում են, որ համաեվրոպական բանակ ստեղծելով Եվրոպան պետք է պաշտպանվի Ռուսաստանից, սակայն կարծում եմ, որ դա մոտ չէ իրականությանը»,- ասաց նա և նշեց, որ Գերմանիան ՆԱՏՕ-ից դուրս գալու նպատակ ունի և համառ կերպով ձգտում է դեպի Արևելք:
Նա չհամաձայնեց որոշ մասնագետների այն գնահատականների հետ, որ հնարավոր չէ նման բան ստեղծել, քանի որ գտնում է, թե Եվրոպան իր սպառազինությամբ, Ֆրանսիան իր միջուկային զենքով, մարդկային, ֆինանսական ռեսուրսներով կարող են ստեղծել հզոր բանակ:
Ինչ վերաբերում է Ամերիկայի դիրքորոշմանը՝ ապա նա ասաց, որ Ամերիկան կվարի իր սիրած քաղաքականությունը՝ շագանակները հանել կրակից ուրիշի ձեռքով՝ սլաքն ուղղելով դեպի Ռուսաստան: