Հայաստան 

Եվրանեսթի խնդիրը՝առաջին հերթին քաղաքացիական հասարակությունների մերձեցման հարցն է. Արտակ Զաքարյան

«Հայաստանը ողջունել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության զարգացումը բոլոր ուղղություններով»,- հայտնեց Եվրանեսթ ԽՎ-ի շրջանակներում Երևանում ընթացող Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության ազգային պլատֆորմների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

 

Ըստ Զաքարյանի՝ Եվրանեսթի խնդիրը՝ որպես խորհրդարանական ձևաչափ, առաջին հերթին քաղաքացիական հասարակությունների մերձեցման հարցն է:

 

 

«Քաղաքացիական հասարակությունն ամբողջ հասարակությունն է, ուստի կարևոր է յուրաքանչյուր հասարակության գլոբալ խնդիրների ուսումնասիրությունը: Այս առումով կարևորում եմ Եվրամիության քաղաքականության վերանայման անհրաժեշտությունը, որպեսզի այսուհետ Արևելյան գործընկերության 6 պետությունների համար լինի առանձնակի մոտեցում: Չի կարելի մեկ չափման միավորի մեջ ներառել բոլոր 6 պետություններին: Քաղաքացիական հասարակության դերն այս գործընթացում շատ կարևոր է»,-ասաց նա:



Ըստ պատգամավորի՝ առավել կենտրոնացված մոտեցում պետք է լինի վստահության մթնոլորտի ձևավորման համար:



«Եթե չկա վստահության մթնոլորտ, բոլոր գործողությունները արհեստական, ժամանակավոր, անպտուղ բնույթ են ունենալու: Հայաստանում, այո, կան խնդիրներ, այո, Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորման համար էական նշանակություն ունեն կուսակցությունները, քաղաքական համակարգը, և ուստի մեր հանձնառությունն է, որ որպես իշխանություն՝ աջակցենք ու շարունակության մեջ անընդհատ դիտարկենք բարեփոխումների իրականացումը, ինչն ակնկալում ենք Եվրամիության հետ ակտիվ քաղաքական երկխոսության միջոցով»,-եզրափակեց նա:

Նույն շարքից