Հայաստան 

ԵԽ մարդու իրավունքների զեկույցը լավն է, բայց պրակտիկ առումով որևէ բան չի փոխի. փաստաբաններ

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսի՝ օրերս հրապարակված զեկույցը, որում անդրադարձ կա «Մարտի 1»-ի գործին, Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի դատապարտմանը, դատաիրավական համակարգին, բանակում խաղաղ պայմաններում արձանագրվող մահվան դեպքերին, շատ լավն է, սակայն այն որևէ բան չի փոխելու պրակտիկապես:



 

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն Արման Դանիելյանը, «Բագին» փաստաբանական գրասենյակի փաստաբան Երվանդ Վարոսյանը, նույն գրասենյակից փաստաբան Լուսինե Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ զեկույցն ազդեցություն կունենա ՀՀ իշխանությունների վրա:



«Սայլը տեղից չի շարժում, որովհետև քաղաքական կամքն է բացակայում, բայց որպես պրակտիկ փաստաբան՝ շատ ուրախ եմ այդ զեկույցի համար ու բացատրեմ, թե ինչու եմ ուրախ։ Նախ, որովհետև, երբ մենք այս հարցերը ամեն օր բարձրացնում ենք, մեզ ասում են՝ չէ, դուք սուբյեկտիվ եք, դուք պաշտպանում եք ձեր պաշտպանյալի դիրքերը: Բայց հիմա ուզում եմ հարցնել՝ մարդու իրավունքների   հանձնակատա՞րն էլ է փաստաբան, որ գրել է այն ամեն ինչի մասին, որ մենք խոսում ենք»,-ասաց Երվանդ Վարոսյանը:

 

 

Զեկույցում «Մարտի 1»-ի վերաբերյալ նշվել է, որ պահպանվում է այն խորը համոզմունքը, թե «արդարադատությունն ի կատար է ածվում «չափաբաժիններով» և ընտրողաբար, և որ ըստ երևույթին ցցուն հակասություն գոյություն ունի՝ մի կողմից, իշխանությունների հետ ենթադրաբար կապված կամ նրանց ներկայացնող անձանց նկատմամբ դրսևորվող ակնհայտ մեղմ վերաբերմունքի (նույնիսկ եթե նրանք մեղադրվել են ծանր խախտումների մեջ), իսկ մյուս կողմից՝ իշխանություններին ընդդիմացողների նկատմամբ կիրառվող խիստ վերաբերմունքի և պատիժների միջև:

Նիլս Մուժնիեկսը, գնահատելով Շահեն Հարությունյանին 4 տարվա պայմանական ազատազրկման դատապարտելու դատավճիռը, նշել է. «Այս գործի կապակցությամբ առաջ են գալիս անչափահասների արդարադատության ոլորտի ընդհանուր հիմնախնդիրները. տարբեր սուբյեկտներ նշել են, որ անչափահասները հատկապես խոցելի են Հայաստանի քրեական արդարադատության համակարգում և որ գործնականում նրանք անհրաժեշտ երաշխիքներով պաշտպանված չեն իրենց իրավունքների խախտումներից»:


Երվանդ Վարոսյանի   մեկնաբանությամբ՝ զեկույցում սլաքները ուղղված են   հիմնականում դատական համակարգին, ինչից նա եզրակացնում է, որ բարեփոխումները երկրում իմաստ չունեն, քանի դեռ դատարանները լիարժեք անկախ չեն։



«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն Արման Դանիելյանն էլ , նույն կարծիքը հայտնելով, իր կողմից նշեց, որ զեկույցը օբյեկտիվ էր, բայց նրանում որևէ նոր բան չկար, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ որևէ քաղաքական կամք չի դրսևորվում բարձրաձայնվող խնդիրները լուծելու համար:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից