Հայաստան 

ՀԱԿ. Սերժ Սարգսյանը ցանկանում է երկարաձգել իր փաստական իշխանությունը

Գործող Սահմանադրությունից հրաժարվելու եւ կառավարման «խորհրդարանական համակարգին անցնելու»՝ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը մեկ նպատակ է հետապնդում. վերացնել անձնական փաստական իշխանության երկարաձգման սահմանադրական արգելքը։ Այս մասին ասված է Հայ Ազգային Կոնգրեսի տարածած հայտարարության մեջ: Դրանում նաեւ նշվում է.

«Այս նպատակին հասնելու համար է, որ Ս.Սարգսյանը փետրվարի 12-ից պետական ահաբեկչական գործողություններ ծավալեց ընդդիմության նկատմամբ: Կոպտորեն, ուժի ու շանտաժի կիրառմամբ խախտվեցին Սահմանադրությամբ եւ միջազգային պայմանագրերով երաշխավորված՝ Մարդու հիմնարար՝ միավորումների մեջ ազատ ընդգրկվելու, ազատ հավաքների, խոսքի ազատության, տեղեկատվության տարածման եւ այլ իրավունքները:

Մասնավորապես, ա) քաղաքական գործիչներից ոմանց պարզապես արգելվեց զբաղվել քաղաքականությամբ, բ) ամենաբարձր մակարդակով իրավապահ եւ հարկային մարմիններին հանձնարարարություն տրվեց հաշվեհարդար տեսնել կոնկրետ քաղաքական ուժի եւ նրա ղեկավարի նկատմամբ, գ) ապօրինաբար արգելվեց հանրահավաքային շարքի մեկնարկային հանրահավաքը՝ ձախողելով նաեւ հաջորդները, դ) ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Կենտրոն» հեռուստատեսությանը պարտադրվեց նախագահական աշխատակազմի վերահսկողությունը եւ այլն:

Մերժելով խնդիրները լուծելու քաղաքական միջոցները, կոպտորեն ոտնահարելով Հայաստանի Սահմանադրությունը՝ պետական ահաբեկչությամբ Ս.Սարգսյանը փորձեց կասեցնել իր իշխանության երկարաձգմանը դիմակայող համաժողովրդական, ժողովրդավարական շարժման ընթացքը: Մարտի 12-ին, սահմանադրության փոփոխության իր տխրահռչակ նախաձեռնության առիթով, նա կազմակերպեց, այսպես կոչված, քաղաքական ուժերի «լայն կոնսոլիդացիայի» մի ներկայացում՝ չխորշելով դրանում ներգրավել ինչպես իր իսկ կողմից ծանր հարվածներ կրած քաղաքական ուժերի, այնպես էլ՝ մեկ անհատով, միայն սեփական անձը ներկայացնող «կուսակցությունների»: Քաղաքական ուժերի «լայն կոնսոլիդացիա» ներկայացված իմիտացիոն այս շոուի նպատակը Սահմանադրության փոխման գաղափարի շուրջ հանրային հավանության պատրանք ստեղծելն Էր:

Պետական ահաբեկչության կիրառմամբ, բռնարարքներով, քաղաքացիների իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ հակասահմանադրական միջոցների գործադրմամբ Ս.Սարգսյանն արդեն իսկ ոչ օրինակարգ է դարձրել սահմանադրության փոփոխման իր նախաձեռնությունը: Այս ամենով հանդերձ, սահմանադրության փոփոխման Ս.Սարգսյանի նախաձեռնությունն անհեթեթ է դարձնում հենց ինքը:

Նա արդեն երկրորդ անգամ հստակ նշում է, որ ինքը ներկա փուլում Հայաստանի համար իշխանության նախագահական համակարգի նպատակահարմարության համոզված կողմնակից է եւ ոչ մի վստահություն ու երաշխիք չունի, թե երկրում ինչպես կգործի իշխանության խորհրդարանական համակարգը:

Մարտի 13-ին Սերժ Սարգսյանը հրապարակավ ընդունեց, որ կասկածներ ունի առ այն, որ առաջարկվող խորհրդարանական համակարգը կարող է ապահովել երկրի արտաքին եւ ներքին կայունությունն ու անվտանգությունը՝ միաժամանակ ընդունելով, որ դրանք ապահովված են գործող Սահմանադրությամբ: Այնուամենայնիվ նա, առանց միջոցների մեջ խտրություն դնելու, առաջ է տանում Սահմանադրության փոփոխման՝ կառավարման խորհրդարանական ձեւ ենթադրող գործընթացը: Այսինքն՝ իշխանության երկարաձգման մոլուցքին տրված իր դիրքորոշմամբ Ս.Սարգսյանը, ըստ էության, երկիրն ու ժողովրդին տանում է ստույգ արկածախնդրությանը:

Պատմության մեջ քիչ չեն եղել դեպքեր, երբ բռնապետներն իրենց իշխանության հավերժացման խոչընդոտները վերացնելու համար ընտրել են Սահմանադրությունը փոխելու միջոցը։ Ազատասեր ու արժանապատիվ ազգերը ընդվզել են ու պայքարել՝ նման հավակնությունները նույնացնելով բռնատիրության հաստատման փորձի հետ։

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ ստեղծված իրավիճակում ամեն ինչ անելու է՝ երկրի Սահմանադրությունը բռնապետական ոտնձգություններից պաշտպանելու, իշխանությունը ժողովրդին վերադարձնելու, խաթարված սահմանադրական կարգը վերականգնելու համար եւ կոչ է անում ամբողջ հասարակությանը, հասարակական բոլոր շերտերին եւ խավերին՝ համախմբվել եւ դիմագրավել երկրում բռնապետության հաստատման անթաքույց փորձին՝ սահմանադրական հանրաքվեն վերածելով Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու եւ գործող ռեժիմին իշխանությունից հեռացնելու համազգային գործընթացի»:

Նույն շարքից