Հայաստան 

Ադրբեջանական կողմը համաձայն չէ ոչ մի փոխզիջման. ԱԳՆ փոխնախարար

analitik.am

Ադրբեջանի անզիջում քաղաքականությունը խանգարում է ղարաբաղյան հարցում առաջընթացին, երկուշաբթի «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։



«Ադրբեջանական կողմը համաձայն չէ ոչ մի փոխզիջման։ Այն պահանջում է ամեն ինչ կամ ոչինչ, և, հետևաբար, առաջընթաց ակնկալել այս պայմաններում անիրատեսական է»,– նշել է Քոչարյանը։



Ըստ նրա, ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած մադրիդյան փաստաթուղթը, որը համարվում է բանակցությունների հիմք, այն չէ, ինչի մասին երազել է հայկական կողմը։ «Դա ընդամենը փոխզիջումային փաստաթուղթ է, որը փորձում է մոտեցնել կողմերի փոխադարձաբար բացառող մոտեցումները»,– նկատել է Քոչարյանը։



Ըստ նրա, երկար ժամանակ համարվում էր, որ կողմերի հակառակ դիրքորոշումների պատճառով անհնար կլինի որևէ լուծում գտնել։



Հայաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալը հիշեցրել է, որ մադրիդյան սկզբունքներում տեղ գտած փոխզիջումային առաջարկություններում տարածքային հարցեր էին բարձրացվում։ Միաժամանակ, նա հատուկ ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության որոշ տարածքներ մինչ օրս վերահսկում է Ադրբեջանը` դա Մարտունու և Մարտակերտի շրջանների մի մասն է և Շահումյանի շրջանը։



Միաժամանակ, Քոչարյանն ավելացրել է, որ տարածքների հետ կապված բոլոր հարցերը պետք է լուծի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ոչ թե Հայաստանը։



Ըստ նրա, ցանկալի է, իհարկե, որ Ադրբեջանը ճանաչի ԼՂՀ անկախությունը, ինչը կդառնար խնդրի ուժային լուծման փորձերից հրաժարվելու երաշխիք։ ԱԳՆ ղեկավարի տեղակալը նշել է, որ դրանից հետո երկու կողմերը պետք է բանակցությունների միջոցով լուծեն բոլոր սահմանային հարցերը։



 

 

Նույն շարքից