Հայաստան 

ՏԻՄ ընտրությունները ոչ մրցակցային էին. Տիգրան Եգորյան

analitik.am

Թեև այս անգամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին առանձնապես ակտիվ մասնակցություն  չէր նկատվում, ոչ էլ թեժ մրցակցություն, բայց  միևնույն է, այս ՏԻՄ ընտրությունները ոչ մրցակցային էին:



Այս մասին այսօր լրագրողների հետ քննարկմանը հայտարարեց ընտրություններին դիտորդական առաքելությամբ հանդես եկած «Իրավունքի Եվրոպա միավորում » հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը:



«Շատ համայնքներում միայն մեկ թեկնածու էր առաջադրված  և նույնիսկ առաջադրվելով` բավական քիչ ձայներով ընտրվում էին: Սա շատ լուրջ պրոբլեմ է, նույնիսկ համազգային»,-նշեց Տիգրան Եգորյանը` հավելելով, որ նույնիսկ այս պայմաններում նկատել են ուրիշի կողմից քվեարկելու կամ  բազմակի քվեարկելու դեպքեր:



«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»  հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Լենա Նազարյանն էլ նկատեց, որ  մարտի 15-ին մի շարք համայնքներում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին   դրանց հետևող դիտորդները նկատել են հայաստանյան իրականության համար ավանդական   խախտումներ:



«Խախտումների  վերաբերյալ կարող եմ ասել, որ  նկատել ենք արդեն սովորական և ավանդական դարձած մշտական կուտակումներ, կողմնակի անձանց ներկայություն, ուղղորդումներ, բայց դրանք արդեն շատ սովորական են դառնում»,- ասաց նա։



Մարտի 15 -ին  Հայաստանի մի շարք մարզերի 26 համայնքներում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների  արդյունքում ընդամենը մեկ դիմում-բողոք է ներկայացվել ԿԸՀ, հանձնաժողովի որևէ անդամի որևէ հատուկ կարծիք ներկայացված չէ ընտրական փաստաթղթերին։ Այս մասին  հայտարարեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Նունե Հովհաննիսյանը, ով նույնպես մասնակցում էր քննարկմանը:

 

 

«Ունեցել ենք մեկ դիմում և այն հասցեագրվել է թիվ 41 ընտրական հանձնաժողովին, իսկ բողոքը վերաբերել է  41/5, 41/6 տեղամասերին: Բարձրացված է եղել քվեարկության սենյակի կահավորման խնդիրը և վստահված անձին հատկացված տեղի հարցը»,- ասաց Նունե Հովհաննիսյանը` նշելով, որ հանձնաժողովի նախագահն այցելել է նշված տեղամաս և ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ:



Որևէ ՏԸՀ չի ներկայացվել նաև որևէ տեղամասում ընտրությունն անվավեր ճանաչելու մասին պահանջ: Սակայն մեկ` Կոտայքի մարզի Գետարգել համայնքում  ընտրությունները ճանաչվել էին չկայացած, քանի որ ըստ Ընտրական օրենսգրքով սահմանված պահանջի` այստեղ առաջադրված չէր եղել երկու թեկնածու:

Նույն շարքից