Հայաստան 

«Եվրանեսթ» ԽՎ–ն Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ բանաձև է ընդունել. Դեմ է քվեարկել ուկրաինացի խորհրդարանականը

analitik.am

Երեքշաբթի Երևանում անցկացվող «Եվրանեսթ» ԽՎ–ի լիագումար նիստի ընթացքում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ բանաձև է ընդունվել։



Բանաձևն ընդունվել է 33 «կողմ» և 4 «դեմ» ձայներով։



«Եվրանեսթում» հայկական պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանի խոսքով` հայ ժողովուրդը միշտ բարձր է գնահատում Հայոց ցեղասպանությանը նվիրված բանաձևերի քննարկման ցանկացած հնարավորությունը։



«Այս բանաձևի գլխավոր նպատակն է դատապարտել մարդու իրավունքների խախտումներն ու մարդկության դեմ կատարվող հանցագործությունները։ Ոչ մի ցեղասպանական հանցագործություն չի կատարվում մեկ օրում և ավարտվում է միայն այն ժամանակ, երբ ջարդն իրականացրածը ճանաչում է իր հանցագործությունը։ Ժամանակակից Թուրքիան, որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ, պետք է վերջակետ դնի 20–րդ հարյուրամյակի առաջին Ցեղասպանության ժխտման հարցում` հրաժարվելով պատմությունը խմբագրելու անհաջող փորձերից», – ասել է Զաքարյանը։



Նրա խոսքով` 2015 թվականը իրագործված ցեղասպանությունները ճանաչելու և նոր ցեղասպանություններ չթույլատրելու համար մղվող պայքարի նոր փուլ է։


 

«Եվրանեսթ» ԽՎ–ի պատգամավորների մեծ մասը կողմ են հանդես եկել բանաձևին, որը կնպաստի նոր ցեղասպանությունների կրկնության կանխարգելմանը։ Գերմանացի պատգամավոր Կուրտ Ֆլեկենշտեյնը, մասնավորապես, ընդգծել է, որ «անհնար է կառուցել լավ ապագա` չընդունելով ցեղասպանության փաստը», իսկ խորհրդարանական Տատյանա Զդանովկան նշել է, որ հայերի դեմ կատարված հանցագործությունն ամբողջությամբ համապատասխանում է «ցեղասպանություն» սահմանմանը «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» ՄԱԿ–ի կոնվենցիայում, և «պետք չէ սպասել ևս 100 տարի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար»։



Բանաձևի ընդունմանը դեմ է քվեարկել ուկրաինացի խորհրդարանական Սերգեյ Ալեքսևը` նշելով, որ նրանց դիրքորոշումն այս հարցում չի համընկնում հայկական դիրքորոշման հետ, քանի որ Հայաստանը չի աջակցում Ուկրաինայի նկատմամբ կիրառվող ռուսական ագրեսիայի մասին ուկրաինական դիրքորոշմանը, ինչպես նաև Գոլոդոմորի ճանաչման հարցում։

Նույն շարքից