Եվրամիությանը չի մտահոգո՞ւմ, որ Ադրբեջանի նախագահը հավակնում է Եվրոպայի հիմնական դիկտատորի դերին. այս մասին այսօր Երևանում անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստի քննարկումների ժամանակ իր ելույթի խոսքում հայտարարեց ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Նրա ելույթը ավելի շատ հարց էր՝ ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանին։
Զոհրաբյանը նկատեց, որ վերջինս, խոսելով Ադրբեջանի մասին, ասաց, որ Հարավային Կովկասի գազատարը կնպաստի անվտանգ և բարեկեցիկ Ադրբեջանին, որ իրավունքն ու ժողովրդավարությունը շարունակում են մնալ ԵՄ ուշադրության կենտրոնում, բայց որևէ խոսք չասաց այն մասին, թե ինչ վիճակ է տիրում այսօր Ադրբեջանում, որ տասնյակ, հարյուրավոր ակտիվիստներ գտնվում են բանտերում և «միևնույն ժամանակ կա ադրբեջանական իշխանությունների բացարձակ արհամարհանքը Եվրոպական միության բոլոր կառույցների կոչերի նկատմամբ՝ պահպանել ժողովրդավարական արժեքները»:
Յոհաննես Հանը, ի պատասխան նկատեց, որ ԵՄ-ն մտահոգված է ոչ միայն Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայությամբ, այլ բոլոր հիմնարար ազատությունների խախտումներով։ Ըստ որում, ոչ միայն Ադրբեջանում, այլ ընդհանրապես բոլոր գործընկեր երկրներում: