Հայաստան 

Հայաստանի պատվիրակները Եվրանեսթ ԽՎ-ում բարձրացրին ոչ անկախ դատական համակարգի հարցը

analitik.am

Մինչև չկտրենք արդարադատության ոլորտում արդար դատավորներ ունենալուն չնպաստող  շղթան, այն միշտ շարունակվելու է. այս մասին այսօր Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստին հայտարարեց ԱԺ «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ ԱլԳ անդամ երկրներում արդարադատության համակարգում  դատաիրավական  բարեփոխումների քննարկման համատեքստում:



Թևան Պողոսյանը նշեց, որ, ցավոք սրտի, Հայաստանում անկախ դատական համակարգի առումով մեծ խնդիրներ կան:



«Եվ այդ շղթան մինչև մի տեղից չկտրենք, միշտ շարունակվելու է,  որովհետև  այն մարդիկ, ովքեր այսօր ղեկավարում են դատական համակարգը, իրենք իրենց այդ հոգեբանության  կրողն են և այդ քաղաքական կամքը, որը այդքան կարևորում եք,  չեն կարող ցուցաբերել: Որովհետև նրանք  մի համակարգի մասնակիցներն են, որին հենց իրենք էլ նպաստել են, որ դատական համակարգը անկախ չլինի»,- հայտարարեց Թևան Պողոսյանը:



Նա կարծիք հայտնեց, որ   դատաիրավական բարեփոխումների ծրագրում շատ մեծ կարևորություն է ներկայացնում հենց իրավական  կրթության դաշտի  բարեփոխումը: Իսկ   դրա համար ԵՄ-ն ոչ միայն պետք է քաղաքացիական հասարակությանն  օժանդակի, այլ նաև  վերլուծական   կենտրոններին, որոնք պետք է քայլեր առաջարկեն, թե «ինչպես կարողանանք, անկախ դատավորների մի մեծ բանակ դաստիարակել, որպեսզի բարեփոխումները կայանան»:



«Օրինաց երկիրը» ներկայանող Մհեր Շահգելդյանն էլ խոսեց  անկախ դատավորներ ունենալու երկու փուլանոց քայլերի մասին. առաջին՝ անկախություն գործադիր իշխանությունից : «Երկրորդ փուլով պետք է ուշադրություն դարձնենք, որ ձևավորվեն կորպորատիվ խաղի կանոններ, կախվածություն, որը նույնպես դատավորների անկախության համար խնդիր է»,- հայտարարեց ՕԵԿ պատգամավորը:



ԲՀԿ-ն ներկայացնող Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ լրջագույն սոցիալական խնդիրներ ունեցող երկրում, ըստ սոցիոլոգիական հարցումների,  հանրության գերակշիռ մեծամասնությունը որպես առաջնահերթություն բողոքում  է դատական համակարգի կոռուպցիայի մակարդակից:



«Ուստի Հայաստան-ԵՄ իրավահարաբերությունների կարգավորող փաստաթղթի հիմքում  հիմնական շեշտադրումներից մեկը պետք է լինի արդարադատության անկախության խնդիրը»,- ասաց նա։

Նույն շարքից