Հայաստան 

Մեկնարկեց «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումը՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին

analitik.am

ՀՀ կառավարության ընդունելությունների տանը մեկնարկել է «Արարատի ստորոտին» 5-րդ միջազգային մեդիա ֆորումը, որին մասնակցում են ավելի քան 100 լրագրողներ աշխարհի մի շարք երկրներից:



Հյուրերին ողջունեց ՀՀ Նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը. նա տեղեկացրեց, որ այս տարի ֆորումը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, քանի որ խնդիրը այսօր ՀՀ քաղաքական օրակարգում է:



 

«Չենք կարող շրջանցել Ցեղասպանության թեման, քանի որ այսօր էլ աշխարհի տարբեր ծայրերում կիրառվում են նույն մեթոդները, ինչ Թուրքիան 1915թ-ին հայ ժողովրդի նկատմամբ կիրառեց: Ցեղասպանությունների կանխարգելման գործում մեծ է լրատվամիջոցների դերը: Առավելապես բարձրացել է այսօր լրատվամիջոցների պատասխանատվությունը»,-ասաց նա։



Արա Սաղաթելյանը նշեց, որ հայ-թուրքական սահմանը ընդամենը 20 կմ հեռավորության վրա է, բայց Թուրքիան անում է ամեն ինչ՝ կառուցելու տեղեկատվական պատնեշ:



«Թուրիայում սահամանափակված են բազմաթիվ հայկական կայքեր, քանի որ դրանք անդրադառնում են Հայոց ցեղասպանության հարցին: Թուրքիայի իշխանությունները կարծում են, թե նման պատնեշներով կարող են զերծ պահել թուրք հասարակությանն այս հարցի շուրջ տեղեկատվություն ստանալ: Բայց ժամանակից աշխարհում դա հնարավոր չէ: Այսօր բոլորիս դերը նրանում է, որ Թուրքիայի հասարակությանը հնարավորություն տանք առերեսվելու սեփական պատմության հետ»,-ասաց նա:



Արա Սաղաթելյանը նշեց, որ Հայեց ցեղասպանության հարցի շուրջ հայ ժողովրդի մոտեցումներն արտացոլված են վերջերս ընդունված համահայկական հռչակագրում, որտեղ հայ ժողովուրդը իր զորակցությունն է հայտնել թուրք հասարակության այն հատվածին, որի ներկայացուցիչները համարձակորեն խոսում են Ցեղասպանության մասին՝ ի տարբերություն թուրքական իշխանությանը:



«Հայ-թուրքական սահմանն անհապաղ պետք է բացվի, բայց Թուրքիան բավարար կամք չի դրսևորում»,-ասաց նա:

Նույն շարքից