Հայաստան 

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսին

analitik.am

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

 

 

«Տարիների ընթացքում արդյունավետ հարաբերություններ են ձևավորվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ԱՄՆ դեսպանատան և մեր հանրապետությունում գործող ամերիկյան միջազգային կառույցների միջև: Վստահ եմ, որ այդ փոխգործակցությունը կկրի շարունակական բնույթ», – նշել է իր խոսքում նախարարը:

 

 

Հանդիպման ժամանակ նախարարը հանգամանորեն ներկայացրել է դեսպանին հանրապետության գյուղատնտեսության ոլորտի ներկա վիճակը, վերջին տարիներին գրանցված արդյունքները, իրականացվող ընթացիկ ու առաջիկա ծրագրերը:


 

Ոլորտի առաջնային խնդիրների շարքում նախարարը, մասնավորապես, առանձնացրել է կոոպերատիվների ստեղծման, ոռոգման ժամանակակից համակարգերի ու հակակարկտային ցանցերի ներդրման, տոհմային գործի բարելավման, պտղատու նոր այգիների ստեղծման, ինչպես նաև գյուղացիական տնտեսություններին նորագույն գյուղտեխնիկայով ապահովելու անհրաժեշտությունը:


 

Դեսպան Ռիչարդ Միլսն իր հերթին գոհունակություն է հայտնել գյուղատնտեսության ոլորտում ձևավորված հայ-ամերիկյան համագործակցության բարձր մակարդակով և վստահեցրել, որ իր պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքեր այս ուղղությամբ փոխգործակցությունը խորացնելու նպատակով:

Նույն շարքից