Հայաստան 

Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված բանաձևի ընդունումը շատ կարևոր որոշում էր. «Եվրանեսթ» ԽՎ–ի համանախագահ

analitik.am

Նախօրեին «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձևը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին, շատ կարևոր որոշում է, չորեքշաբթի լրագրողներին ասաց «Եվրանեսթ» ԽՎ–ի համանախագահ Հեյդի Հաուտալան։



Նախօրեին Երևանում անցկացվող «Եվրանեսթ» ԽՎ–ի լիագումար նիստի շրջանակում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված բանաձևը։



«Անձամբ ես շատ եմ կարևորում այս բանաձևը։ Մինչև լիագումար նիստի մեկնարկը մենք այցելեցինք Հայոց ցեղասպանության հուշահամալիր, իսկ նախօրեին ընդունեցինք այդ կարևոր որոշումը», – ասաց Հաուտալան։



Նրա խոսքով` «Եվրանեսթ» ԽՎ–ի 4–րդ լիագումար նիստն ընդհանուր առմամբ հաջող անցավ, ընդունվեցին մի շարք կարևոր բանաձևեր, որոնք վերաբերում են «Արևելյան գործընկերության» երկրների հետ համագործակցության ընդլայնմանը։



Նախօրեին գերմանացի պատգամավոր Կուրտ Ֆլեկենշտեյնը բանաձևի ընդունման համատեքստում ընդգծել էր, որ «անհնար է կառուցել լավ ապագա` չընդունելով ցեղասպանության փաստը», իսկ խորհրդարանական Տատյանա Զդանովկան նշել էր, որ հայերի դեմ կատարված հանցագործությունն ամբողջությամբ համապատասխանում է ՄԱԿ–ի` «Ցեղասպանությունը կանխելու և դրա համար նախատեսված պատժի մասին» կոնվենցիայում նշված «ցեղասպանություն» սահմանմանը, և «պետք չէ սպասել ևս 100 տարի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար»։


Նույն շարքից