Հայաստան 

Էդվարդ Նալբանդյանն ու Յոհանես Հանը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր

analitik.am

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպել է Երևան ժամանած Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանին:



Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։



Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարևորել է Հայաստան - Եվրոպական միություն բարձր մակարդակի պարբերական հանդիպումները՝ ընգծելով, որ դրանք նպաստում են երկկողմ օրակարգի առաջմղմանն ու համագործակցության ընդլայնմանը։

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ հանձնակատար Հանը նշել է, որ սա իր առաջին այցելությունն է Հայաստան, որի շրջանակներում արդեն բավականին արդյունավետ քննարկումներ է ունեցել, և հույս է հայտնել, որ այցը նոր լիցք կհաղորդի փոխգործակցությանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների իրավական նոր շրջանակի ձևավորման շուրջ: Այս համատեքստում կարևորվել է իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների ապագա մեկնարկը։

 

Նախարար Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը` առկա ձեռքբերումների հիման վրա շարունակել ԵՄ հետ համագործակցության հետագա խորացումը բոլոր ուղղություններով, հնարավոր ոլորտներում՝ հաշվի առնելով ՀՀ պարտավորություններն այլ միջազգային ինտեգրացիոն ձևաչափերում:

 

Կողմերը կարևորել են 2014թ. հունվարից ուժի մեջ մտած ԵՄ հետ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերը, որոնք ճանապարհ են բացում դեպի մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունների մեկնարկ։
Նախարար Նալբանդյանը երախտագիտություն է հայտնել՝ Հայաստանում ընթացող բարեփոխումներին ԵՄ կողմից ցուցաբերվող շարունակական խորհրդատվական, ֆինանսական աջակցության համար:

 

Տարածաշրջանային խնդիրների քննարկման համատեքստում հանձնակատար Հանը ԵՄ աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերին։

Նույն շարքից