Հայաստան 

Թուրքիայի կողմից չեղան ազդակներ առ այն, որ իրենք պատրաստ են փոխելու իրենց մոտեցումները. Կարեն Ճշմարիտյանը՝ թուրք լրագրողին

analitik.am

«Արարատի ստորոտին» 5-րդ միջազգային մեդիա ֆորումին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսության զարգացման փուլերը սկսած անկախության հռչակման առաջին տարիներից և անդրադարձավ տնտեսության զարգացման ներկայիս ուղղություններին: Նա ընդգծեց, որ Հայաստանում բարենպաստ պայմաններ են  ստեղծված օտարերկրյա ներդրումների համար, ու նաև Հայաստանն ապահով է այն առումով, որ ներդրողը կարող է վստահ լինել՝ իր գումարները չեն կորչի:



 

Թուրքական «Զաման» թերթի լրագրողը հետաքրքրվեց նախարարից, թե արդյոք թուրք գործարարները կարող են տնտեսություն հիմնել Հայաստանում, ինչին ի պատասխան Կարեն Ճշմարիտյանը հիշեցրեց, որ Թուրքիան մինչ օրս չի ընդունում Հայաստանին որպես Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ:



 

«Առաջին անգամ ԱՀԿ-ի պատմության մեջ կիրառվեց համաձայնագրի 13-րդ հոդվածը՝ Թուրքիայի կողմից Հայաստանի հանդեպ, այսինքն՝ Թուրքիան դեմ չէր Հայաստանի անդամակցությանը, բայց չի ճանաչում նրան որպես անդամ պետություն»,- ասաց նա:



 

Կարեն Ճշմարիտյանն ընդգծեց, որ ներկայումս հայկական շուկայում վաճառվում են բազմաթիվ թուրքական ապրանքներ, իսկ հայկական ապրանքները տեղ չունեն թուրքական շուկայում:



«Նույն հարցը ես կարող եմ տալ թուրքական կողմին՝ հայկական ընկերությունները կարո՞ղ են տնտեսություն հիմնել Թուրքիայում, թե՞ ոչ: Դուք պատրա՞ստ եք համագործակցելու: Նաև կուզեի նշել, որ երբ Հայաստանը բանակցում էր ԵՄ-ի հետ խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ, Թուրքիայի կողմից չեղան ազդակներ առ այն, որ իրենք պատրաստ են փոխելու իրենց մոտեցումները»,- ասաց նա և ընդգծեց, որ երբ Հայաստանը տեսնում է խոչընդոտներ, որոնք հնարավոր չէ հաղթահարել, մտածում է, որ անհրաժեշտ է կիրառել համարժեք քայլեր:

Նույն շարքից