Եվրոպայի վերջին փակ սահմանը, որը տարիներ առաջ փակվել է Թուրքիայի կողմից, պետք է անմիջապես և առանց նախապայմանների բացվի, չորեքշաբթի Երևանում, «Արարատի ստորոտին» միջազգային մեդիաֆորումի ընթացքում ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը։
«Միանշանակ է, որ Եվրոպայի վերջին փակ սահմանը, որը տարիներ առաջ փակվել է Թուրքիայի կողմից, պետք է անմիջապես և առանց նախապայամնների բացվի: Բայց կարծում եմ, որ աշխարհագրական սահմանը բացելուց առաջ համապատասխան կաղապարներն ու կարծրատիպերը պետք է կոտրվեն թուրք հասարակության և Թուրքիայի քաղաքական վերնախավի ուղեղներում», - ասաց Սաղաթելյանը։
Նրա խոսքով` աշխարհագրական սահմանին (մարդկանց և բեռների տեղաշարժի արգելմանը զուգահեռ) Թուրքիայի քաղաքական իշխանությունները սահմանափակում են տեղեկատվության ազատ շրջանառությունը և առաջին հերթին Ցեղասպանության թեմայի հետ կապված տեղեկատվության։ Թուրքիայում արգելափակված են հայկական բազմաթիվ կայքեր, այդ թվում նաև Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված armeniangenocide100.org կայքը: Ըստ անհրաժեշտության, թուրքական իշխանությունները չեն վարանում արգելափակել նաև այնպիսի ռեսուրսներ, ինչպիսիք են Youtube-ը, Facebook-ը և այլն:
«Թուրքիայի իշխանություններն այսօր տարբեր հնարքների են դիմում պատասխանատվությունից փախչելու համար և տեղեկատվական-տեխնիկական ու տեղեկատվական-հոգեբանական ոլորտներում իրականացնում բազմաթիվ միջոցառումներ. նախաձեռնում են զանազան գործընթացների իմիտացիաներ, ազգային տոներ հորինում՝ Ցեղասպանության տարելիցը ստվերելու նպատակով, ոչնչացրել և շարունակում են ոչնչացնել փաստաթղթեր և արխիվներ», - ընդգծեց Սաղաթելյանը։
Նա ընդգծեց, որ Թուրքայի քաղաքական վերնախավը դեռ չի հասունացել հասկանալու, որ ժամանակակից աշխարհում հերքելով կամ կասկածի տակ դնելով իրականությունը, այն փոխել հնարավոր չէ: Սահմաններ և պատնեշներ կառուցելով իրականությունից երկար թաքնվել հնարավոր չէ: