Ղարաբաղյան հակամարտության ստատուս-քվոն Եվրոմիության համար անընդունելի է, հայտարարեց Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Հանը Երևանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսում։
«Մենք Հայաստանի արտգործնախարարի հետ քննարկեցինք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։ Հակամարտության ստատուս-քվոն ԵՄ-ի համար անընդունելի է։ Միաժամանակ հակամարտության խաղաղ կարգավորումը մեզ համար կարևոր առաջնահերթություններից է»,- ասաց Հանը։
Նա նշեց նաև, որ ԵՄ-ն աջակցում է բանակցային գործընթացին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով, որն ուղղված է հակամարտության կարգավորմանը։ «Եվրամիությունը խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա բանակցությունները` ներառյալ նախագահների մակարդակով բանակցությունները», - ասաց Հանը։
Ըստ եվրահանձնակատարի` չափազանց կարևոր է նաև հրադադարի ռեժիմի պահպանումը, զուսպ լինելը գործողություններում և հայտարարություններում։
«Անհրաժեշտ է այնպիսի մթնոլորտ ստեղծել, որը բարենպաստ կլինի հակամարտության կարգավորման համար», - ընդգծեց Հանը։