Իշխանավարման խորհրդարանական ձևն ավելի ժողովրդավարական է, քան նախագահականը, չորեքշաբթի լրագրողներին ասաց «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Հեյդի Հաուտալան` մեկնաբանելով Հայաստանի նախագահի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումները։
Մարտի 14–ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հավանություն է տվել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին, որը ներկայացվել է մասնագիտական հանձնաժողովի կողմից։ Հանրապետության նախագահի որոշման համաձայն, ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը քաղաքական կուսակցությունների հետ կկազմակերպի և կիրականացնի քննարկումներ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ամրագրված մոտեցումների կենսագործման վերաբերյալ և կամփոփի կուսակցությունների ներկայացրած առաջարկություններն ու դիտողությունները: Հայեցակարգում, մասնավորապես, անդրադարձ է կատարվում նախագահական իշխանավարման կարգից խորհրդարանականի անցնելու նպատակահարմարության հարցը։
«Ես այդքան էլ լավ տեղեկացված չեմ հայկական իրողությունների մասին, բայց կարծում եմ, որ խորհրդարանական իշխանավարման ձևը նախագահականից ժողովրդավարական է։ Իմ երկրում (Ֆինլանդիայում) մենք անցել ենք խորհրդարանական իշխանավարման կարգի, և այն ավելի արդյունավետ է»,– ասել է Հաուտալան Երևանում «Եվրանեսթ» ԽՎ չորրորդ լիագումար նիստի շրջանակում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ։