Հայաստան 

Արաբ, թուրք և ռուս լրագրողները՝ Հայոց ցեղասպանության մասին

Լիբանանի «Սաֆիր» օրաթերթի լրագրող Դենիզ Հաթալանը, ով այսօր մասնակցում էր Երևանում կայացած «Արարատի ստորոտին» 5-րդ միջազգային մեդիա ֆորումին, լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը թեև առաջին անգամ է Հայաստանում, սակայն  լինելով լիբանանցի՝ լավ է ճանաչում հայերին և գիտի, որ պահանջատեր են:


«Լիբանանահայությունը և այստեղի հայությունը արթուն է և պահանջատեր, ոչ մեկ չի մոռացել տեղի ունեցածը: Շնորհիվ լիբանանահայերի Լիբանանի արաբները ևս լավ գիտեն 1915թ-ին տեղի ունեցած դեպքերի մասին և թե որքան է հայությունը կենտրոնացած այս խնդրի նկատմամբ»,-ասաց նա:

 

 

Թուրքական «Զաման» թերթի լրագրող Սերվեթ Յանաթման լրագրողների հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ Հայոց ցեղասպանությանը և նշեց, որ հարցի շուրջ իր կարծիքը չի ցանկանում ներկայացնել, սակայն նշեց, որ երկխոսությունը երկու երկրների միջև անհրաժեշտ է:



 

«Ես այստեղ չեմ լուսաբանման կամ տեսակետներ փոխանակելու համար այս թեմայի շուրջ, բայց ես տարածաշրջանային թեմաներ լուսաբանող լրագրող եմ և սովորաբար երկու կողմերի կարծիքներ եմ ներկայացնում:  Երրորդ անգամ եմ այստեղ և պարզել եմ, որ հայ և թուրք ազգությունները իրականում շատ ընդհանուր բաներ ունեն»,-ասաց նա:



 

Ռուսաստանի հանրային հեռուստաընկերության լրագրող Լեոնիդ Մլեչինն էլ նշեց, որ ռուսները գիտակցում են, որ հայերի Ցեղասպանությունը հետևանք է Առաջին համաշխարհային պատերազմի։



 

«Ռուսաստանում բոլորս միշտ ցավում ենք կատարվածի համար: Ռուսաստանը միշտ Հայաստանի կողքին է եղել և ինչ-որ կարողացել է արել է մինչև Առաջին աշխարհամարտը, և դրանից հետո միշտ եղել է լավ դաշնակիցն ու բարեկամը: Հենց այս մասին պետք է պատմեմ իմ ծրագրում, քանի որ գիտեք՝ նոր սերունդ է գալիս, իսկ նրանք, մեղմ ասած, չգիտեն ամեն ինչ»,-ասաց նա:



 

Ինչ վերաբերում է ֆորումին, ապա ռուս հաղորդավարը նշեց, որ այն ինքնին կարևոր է, որովհետև լրագրողները պետք է շփվեն միմյանց հետ:


 

«Մենք պետք է հանդիպենք, իմանանք՝ ով ինչ է անում, որն է լավ, որը վատ: Այսօր լրագրությունը վատ վիճակում է , ամեն կողմից հարձակվում են բլոգերները, ինտերնետը ուզում է գրավել ժամանակակից ժուռնալիստիկայի տեղը, բայց չեմ կարծում, որ կարող է փոխարինել: Ես հավատում եմ լրագրության ապագային և վստահ եմ, որ այստեղ հավաքվածները ևս հավատում են»,-ասաց նա:

Նույն շարքից