ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն «Արարատի ստորոտին» 5-րդ միջազգային մեդիա ֆորումում պատասխանելով թուրք լրագրողներից մեկի հարցին՝ ընդգծեց, որ ինքը երբևէ որևէ վատ խոսք չի ասել ադրբեջանցի կամ թուրք ժողովուրդների մասին և երբեք էլ չի ասի, որովհետև հայ ժողովրդի դժվարին պատմության ընթացքում շատ են եղել դեպքեր, երբ որոշ թուրքեր ու ադրբեջանցիներ իրենց պահել են շատ ավելի արժանապատիվ, քան որոշ հայեր:
«Սա հաճոյանալու համար չեմ ասում, սա ես ասում եմ որոշ փաստեր արձանագրելու համար: Ես գլուխ եմ խոնարհում ձեր թերթի այն աշխատակիցների առջև, որոնք այդպիսի պայմաններում համարձակվում են այդպիսի հոդվածներ տպագրել: Օրինակ՝ ինչպե՞ս կարելի է գլուխ չխոնարհել այն երիտասարդների առջև, որոնք ապրիլի 24-ին դուրս են գալիս Անկարայի փողոցներ ու պահանջում են գործող իշխանություններից՝ Հայոց ցեղասպանության ճանաչում»,-ասաց նա:
Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ Թուրքիայի իշխանությունների վրա պակաս ազդեցություն չի ունենում Ադրբեջանի գործոնը:
«Տարիներ առաջ Ալիևը հայտարարեց Հայաստանը մեկուսացնելու քաղաքականության մասին և, բնական է, որ ծրագրի իրականացման համար նա հսկայան միջոցներ ու ջանքեր է գործադրում: Պատահական չեմ համարում, որ այդ քաղաքականության արդյունքները որոշ չափով մենք տեսնում ենք Թուրքիայում: Վստահ եմ, որ եթե չլիներ ադրբեջանական գործոնը, հայ-թուրքական արձանագրություններն արդեն վավերացված կլինեին: Իհարկե՝ այլ գործոններ ևս կան, բայց սա պետք է նշեմ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ՀՀ ԱԺ-ից հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելուն, ապա Նախագահն արձանագրեց, որ իր քայլով չի «սպանել» դրանք, չի փակել պատուհանը, քանի որ այն ո՛չ թե իրավական, այլ՝ քաղաքական ակտ է:
«Իրավական ակտը պահանջում էր հրամանագիր, և դրանով ես կարող էի ստորագրությունները հանել արձանագրություններից, այլ ոչ թե ետ կանչել խորհրդարանից: Սրանով ուզում էի Թուրքիայի իշխանությունների ուշադրությունը հրավիրել այս հարցին»,-ասաց նա: