Հայաստանն ինտենսիվ աշխատում է արաբական երկրների հետ, ինչը փաստում է ՀՀ վարչապետի՝ օրեր առաջ կատարած այցը Էգիպտոս և Քուվեյթ: «Արարատի ստորոտին» 5-րդ միջազգային մեդիա ֆորումում այս մասին ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ի պատասխան արաբ լրագրողի հարցի։
«Մենք անպայման մոտ ժամանակներս միջպետական հանձնաժողովների ակտիվացման ճանապարհով կհասնենք շոշափելի արդյունքների: Մեզ համար էական նշանակություն ունի այն հանգամանքը, որ անդամակցել ենք ԵՏՄ-ին, և այն մեծ խոչընդոտը, որ Հայաստանի տնտեսությունը փոքր է, լուծել ենք: Հայաստանը կարող է լինել մի վայր, որտեղ կարելի է արտադրել ու մատակարարել ապրանքներ ԵՏՄ անդամ երկրներին»,-ասաց նա:
Նախագահը հիշեցրեց, որ Հայաստանը որդեգրել է «բաց երկնքի քաղաքականություն», ինչից հետո վերջին ամիսներին արաբական երկրներից արդեն չորս նոր չվերթ է հաստատվել Հայաստանում:
Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին` նշելով, որ այն հետք է թողնում նաև Հայաստանի վրա՝ ընդգծելով, որ պատճառը ո՛չ միայն այն է, որ անկայունությունը խաթարում է տնտեսական իրավիճակը, այլ նաև՝ այն, որ Հայաստանը Սիրիայում, Իրաքում, ինչպես նաև՝ Լիբանանում ունի հայկական համայնք:
«Մեզ համար միանշանակ չէ, թե այնտեղ ինչ է կատարվում: Բացի այդ՝ Մերձավոր Արևելքում ոչնչացվում են այն մշակութային արժեքները, որոնք մեր ժողովուրդն իր արաբ բարեկամների հետ ստեղծել է տարիներ շարունակ: Մեզ համար ցավալի է, որ ահաբեկիչները պայթեցրին Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցին, որտեղ պահվում են Հայոց ցեղասպանության զոհերի մասունքները»,-ասաց նա: