Հայաստան 

Էդվարդ Նալբանդյանը կասկած է հայտնել Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ քաղաքական հարցերի և ժողովրդավարության կոմիտեի զեկուցող Ռոբերտ Ուոլթերի օբյեկտիվությանը

analitik.am

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կասկած է հայտնել Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ քաղաքական հարցերի և ժողովրդավարության կոմիտեի զեկուցող Ռոբերտ Ուոլթերի օբյեկտիվությանը:



ԵՄ հարևանության քաղաքականության ընդլայնման հարցերի հանձնակատար Յոհաննես Հանի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում պատասխանելով զեկուցողի՝ Բաքու կատարած այցի մասին հարցին, նախարարը նկատեց, որ Հայաստանի մոտեցումը հայտնի է.  պետք է զերծ մնալ որևէ քայլից, որը կարող է վնասել եռանախագահների ջանքերին` ուղղված հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:




«Պետք է զերծ մնալ նոր զուգահեռ կառույցներ, ձևաչափեր, կամ աշխատանքային խմբեր ստեղծելուց, որոնց աշխատանքը կարող է վնաս հասցնել եռանախագահների գործունեությանը: Պետք է զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք ընդհանրապես կարող են վնաս հասցնել բանակցային խաղաղ կարգավորմանը: Եռանախագահները նույն մոտեցումն ունեն, որի մասին բազմիցս արտահայտվել են»:



«Սա հատկապես վերաբերում է այն կարգի զեկուցողներին, ում նկատմամբ կողմերից մեկը, տվյալ պարագայում` Ադրբեջանը, ամենաբարձր մակարդակով անվերջ շնորհակալություն է հայտնում այդ զեկուցողին՝ ‪‎Ադրբեջանի դիրքորոշմանը շարունակական աջակցության համար»,- նշեց Էդվարդ Նալբանդյանը՝ հավելելով, որ այդ համատեքստում հարց է ծագում կողմնակալ կամ անկողմնակալ մոտեցումների մասին:



Նախարարը նաև նշեց, թե չի կարծում` այդպիսի քայլերը կարող են օգտակար լինել. «Պետք է շատ զգույշ լինել, որ այս շատ նուրբ գործընթացում վնաս չհասցնել, որովհետեւ եռանախագահներն անում են հնարավորինը, որպեսզի հիմնախնդիրն ունենա բացառապես խաղաղ հանգուցալուծում»:



Հիշեցնենք, որ ադրբեջանամետ դիրքորոշմամբ հայտնի բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ զեկուցող է նշանակվել անցյալ տարվա հոկտեմբերին: Մարտի 12-13-ին նա Բաքու է այցելել: 




Նույն շարքից