Հայաստան 

Աննախադեպ էր նախագահի խոսքը, և կարծում եմ, որ այն պետք է մտահոգի ոչ միայն մեզ, այլ նաև Ադրբեջանին զենք վաճառող երկրին. Գագիկ Մելիքյան

analitik.am

Հանրապետության Նախագահի հնչեցրած մտահոգությանը, որ Ադրբեջանին զենք է վաճառում մեր դաշնակից Ռուսաստանը՝ Հայաստանին միշտ է մտահոգել: Հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

 


«Դա մեզ միշտ է մտահոգել և այդ մտահոգությունը մենք միշտ արտահայտել ենք թե՛ բացահայտ, թե՛ փակ քննարկումների ժամանակ»,- հայտարարեց Գագիկ Մելիքյանը՝ շարունակելով. «Աննախադեպ էր նախագահի խոսքը, և կարծում եմ, որ այն պետք է մտահոգի ոչ միայն մեզ, այլ նաև Ադրբեջանին զենք վաճառող երկրին»:


Բանախոսը մեկ անգամ ևս կրկնեց Նախագահի խոսքերը, որ մեր զինվորի գիտակցության մեջ միշտ նստած է այն փաստը, որ իրեն կարող են սպանել մի զենքով, որը գնված է Ռուսաստանից:


«Սա պետք է մտահոգի նաև զենք վաճառող երկրին: Մենք պետք է հասնենք նրան, որ տարբեր երկրների կողմից քիչ զենք վաճառվի մեզ թշնամաբար տրամադրված երկրին»,-նկատեց պատգամավորը:


Խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին, բանախոսն ասաց, թե որպես իշխող քաղաքական ուժ իրենք ողջունում են բոլոր քաղաքական ուժերի հետ քննարկումը մայր օրենքի փոփոխության հետ կապված:



«Հնչեցված բոլոր կարծիքներն ու բարեփոխումները իրենց արտահայտությունն անպայման կգտնեն բարեփոխված Սահմանադրության մեջ: Մինչև մայիսի 5-ը քաղաքական ուժերը կներկայացնեն իրենց առաջարկությունները»,-ասաց Գագիկ Մելիքյանը՝ նշելով, որ այն քաղաքական ուժերը, ովքեր նույնիսկ քննադատում են, դա նույնպես մասնակցություն է:



Ըստ բանախոսի՝ ուշադրության արժանի է նաև Եվրանեսթի խորհրդաժողովը, և շատ կարևոր է, որ Հայոց ցեղասպանության դատապարտման վերաբերյալ բանաձև ընդունվեց:

 

 

«Մասնակից երկրներից շատերը չեն դատապարտել Ցեղասպանությունը, և կարծում եմ, որ սրանից հետո իրենք իրենց երկրներում կընդունեն և կդատապարտեն Ցեղասպանությունը»,-հայտարարեց Գագիկ Մելիքյանը:

Նույն շարքից