Հայաստան 

Այն կազմակերպությունները, որոնք իսկապես ծանրակշիռ են, մեծ փորձառություն ունեն այս ոլորտում, գործին կմասնակցեն. Արդարադատության նախարար

Այսօր լրագրողների հետ զրույցում  արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն անդրադարձավ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի ձևավորման աշխատանքներին:  Նա նշեց, որ հույս ունի, թե ընդդիմադիր պատգամավորները ևս կլինեն այդ հանձնաժողովում և այս պահին ընթանում է հանձնաժողովի ձևավորման գործընթացը:


«Այնտեղ կան հանձնաժողովի անդամներ, որոնք ի պաշտոնե են ընդգրկվում, կան քաղաքացիական հասարակության և ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներ»,- ասաց նա և նշեց, որ ըստ իր տեղեկությունների` խմբակցություններին հարցումներ են ուղարկվել, որպեսզի վերջիններս ներկայացնեն իրենց թեկնածուներին:



«Ես հույս ունեմ, որ այդ խմբակցություններն այնուամենայնիվ, կներկայացնեն անձանց և ներկայացված կլինեն խորհրդում»,- ասաց նա:



Հովհաննես Մանուկյանը համաձայնեց, որ  որոշ ՀԿ-ներ  ցանկացել են մաս կազմել խորհրդում, սակայն մերժվել են, և պատճառաբանեց, որ Կառավարության ընդունած որոշման համաձայն ` այս պահին երկու ներկայացուցիչ ունեն, իսկ մյուս հարցերը  իրավիճակից կախված հետագայում կորոշեն:

 

 

Ինչ վերաբերում է հարցին, թե այդ կառույցի նկատմամբ շատերի մոտ վստահություն չկա, նախարարը նկատեց. «Հույս ունեմ, որ այն կազմակերպությունները, որոնք իսկապես ծանրակշիռ են, մեծ փորձառություն ունեն այս ոլորտում, գործին կմասնակցեն»,- ասաց նա:



Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան նա ասաց, որ հումորով է ընկալում, երբ ասվում է, թե ռեժիմը խուճապի մեջ է:

Նույն շարքից