ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արդեն ընդհատել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախագահ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից բացակայությունների ուսումնասիրությունը, և որոշումն այն է, որ Գագիկ Ծառուկյանը մանդատից չի զրկվի։
Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահը։
Ըստ նրա՝ օրեր առաջ լրացուցիչ պարզաբանումներ են ստացել պարոն Ծառուկյանից:
«Մեկնաբանությունը հետևյալն էր, որ ինքը իմացել է, որ գրությամբ իր բացակայությունները հարգելի են, որը իրողություն է, և այս պահին չի կարող փաստաթղթեր ներկայացնել, քանի որ խնդիրը նրանում է, որ բացակայությունները հարգելի են համարվել»,-ասաց նա:
Գալուստ Սահակյանը նշեց, որ առաջիկայում նաև հանձնաժողովների նախագահների և խմբակցության ղեկավարների համատեղ նիստում կհայտարարվի, որ մինչև օրենսդրական փոփոխությունները, ըստ ԱԺ կանոնակարգ–օրենքի, բացակայության միակ հարգելիությունը կհամարվի առողջության մասին փաստաթուղթը, ԱԺ-ի գործուղումները, իսկ մնացած հանգամանքները, որ կապված են այլ խնդիրների հետ, հաշվի չեն առնվի:
Դիտարկմանը, թե այլ կերպ ասած՝ իշխանությունները «փոշմանել են», Գալուստ Սահակյանը նշեց. «Իշխանությունները երբեք չեն փոշմանում, դա իմ որոշելու խնդիրն է, առավել ևս պարզ է, որ այսօր էլ, երբ խոսում եմ, տարամերժ կարծիքներ կան: Ես բավական լուրջ եմ խնդիրն ուսումնասիրել, զրուցել եմ շատերի հետ, փորձել եմ այլ ուսումնասիրության տարբերակներ, և վերջանական որոշումը դա է։ Իրավական տեսակետից բանավեճի առարկա է դարձել, իրավաբանորեն անհարգելի է բացակայությունները, բայց նաև ԱԺ-ն որպես քաղաքական հարթակ՝ նախադեպեր չունի այդպիսի»։
Հարցին, թե ԱԺ նախագահն իր որոշումը համաձայնեցրե՞լ է Նախագահի հետ, Գալուստ Սահակյանը նշեց, որ իր լիազորությունների շրջանակում է նման որոշում կայացրել.«Համաձայնեցնելու որևէ խնդիր չկա»։
Գալուստ Սահակյանը նշեց, որ չնայած Գագիկ Ծառուկյանն այլևս ԲՀԿ նախագահ չէ, նա շարունակում է իր աշխատանքը որպես պատգամավոր։
«Ցուցակի առաջին երեք համարները կարող են նաև խմբակցությունից դուրս գալ»,-ասաց նա: