Հայաստան 

Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ. Կարեն Նազարյան

ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն իր ելույթի ժամանակ նկատեց, թե Հայաստանը մշտապես հանդես է եկել որպես ցեղասպանությունների և մարդկության դեմ այլ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերի լուրջ ջատագով:



«Մի քանի օր առաջ Եվրոպական խորհրդարանն ամենամյա զեկույց ընդունեց մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ, որում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ԵՄ անդամ բոլոր երկրներին և եվրոպական կառույցներին կոչ արեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը և շարունակել նպաստել Ցեղասպանության ճանաչմանը: Այսպիսով` Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ և վերահաստատում է, որ Ցեղասպանությունը և դրա ժխտումը մարդու իրավունքների բուն և հրատապ խնդիրներ են: Մենք երախտապարտ ենք հայ ժողովրդի նկատմամբ եվրոպական համերաշխության այս ուղերձի համար»,- նշեց Նազարյանը:



Կարեն Նազարյանն անդրադարձավ նաև ահաբեկիչների կողմից սիրիական Դեր Զոր քաղաքի Սուրբ Նահատակաց հայկական եկեղեցու ոչնչացմանը՝ ընդգծելով, որ այդպիսով ուղիղ կապ անցկացվեց մարդկության դեմ անցյալի և ներկայի հանցագործությունների միջև:



«Մշակութային ժառանգությունը ոչնչացնելու քայլը փորձ է ջնջել այլ ժողովուրդների հիշողությունը և ոչնչացնելու հազարամյակների պատմություն ունեցող մշակույթը և քաղաքակրթությունը»,- ասաց նա:

Նույն շարքից