Հայաստան 

Հակառակորդը մարտի դաշտում է թողել նաև օգտագործված ներարկիչներ. ԼՂՀ ՊՆ-ը թարմացրել է ադրբեջանական դիվերսանտների խմբի ոչնչացման մասին տվյալները

analitik.am

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նոր տվյալներ է հրապարակել  հինգշաբթի ադրբեջանական դիվերսանտների խմբի ոչնչացման մասին։



Մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում նախ դիրքապահ անձնակազմը հետ է շպրտել նախահարձակ հակառակորդին, ապա օգնության հասած ուժերի հետ միասին հետապնդելով վերջինիս, ոչնչացրել իր  դիրքերի մատույցներում:



ԼՂՀ պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունում հայտնեցին նաև, որ համաձայն ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից հաստատված տեղեկությունների, արդեն հայտնի են ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամ երկու սպանվածների և մեկ վիրավորի տվյալները:



«Սպանվածներից մեկի ազգանունը Հյուսեյնով է, մյուսի անունը Ջեյհուն, իսկ վիրավորներից մեկի անունը Էլշադ»,–ասված է հաղորդագրությունում:

Մամուլի ծառայությունում ավելացրեցին, որ հակառակորդը  մարտադաշտում  է թողել տարբեր տեսակի զենք ու զինամթերք, այդ թվում АК տիպի ինքնաձիգ` իսրայելական արտադրության գիշերային տեսանելիության նշանոցով և խլացուցիչով, սակրավորի հատուկ հանդերձանք, 4 հատ "Муха" տիպի նռնականետ, հարձակողական նռնակներ, փամփուշտի պահունակներ, մեծ քանակության օգտագործված ներարկիչներ, որոնք ամենայն հավանականությամբ կիրառվել են վիրավորներին ցավազրկելու նպատակով:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գա Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են: Վիրավորները հոսպիտալացվել են: Նրանց ցուցաբերվել է համապատասխան բժշկական միջամտություն: Երկու զինծառայողների վիճակը կայուն ծանր է, իսկ մյուսների կյանքին վտանգ չի սպառնում:


 

 

Նույն շարքից