Հայաստան 

Աբդրբեջանը մերժում է Մինսկի խմբի առաջարկները՝ վտանգելով համանախագահների նախորդ վեց տարիների կատարած աշխատանքը. Ա. Արզումանյան

analitik.am

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստի ընթացքում անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հիմնահարցին, հայտարարեց, որ, ցավոք, հակամարտության գոտում տիրող իրավիճակը քիչ հույս է ներշնչում. «Աբդրբեջանը մերժում է Մինսկի խմբի առաջարկները՝ վտանգելով համանախագահների նախորդ վեց տարիների կատարած աշխատանքը»,- ասաց նա:



Պատգամավորը շեշտեց, որ երեկ շփման գծում տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիայի հետևանքով հայկական կողմն ունեցել է երեք զոհ, չորս վիրավոր և հիշեցրեց նաև համանախագահների հայտարարությունը շփման գծում ներխուժումների մասին. «Ադրբեջանական սադրանքներն արտահայտվում են ռազմատենչ հռետորաբանությամբ ու հակահայկական կոչերով: Նրանք սպառնում են հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով»:



Ա. Արզումանյանն ընդգծեց, որ Ադրբեջանը նախորդ տարիների համեմատ՝ 2010-14թթ. 249 տոկոսով ավելացրել է իր սպառազինումը, իսկ զենքի 88 տոկոսը նա ձեռք է բերում ՌԴ-ից. «Թեև, ինչպես հայտնի է, ՌԴ-ն՝ որպես Մինսկի խմբի անդամ, պարտավորված է որևէ կողմի զենք չմատակարարել»,- ասաց նա՝ հավելելով, որ ԼՂ հակամարտության կարգավորման միակ ձևաչափը Մինսկի խումբն է, սակայն դրան հակառակ հայտարարությունները միայն վնասում են խաղաղության գործընթացը.



«Հայաստանը կողմ է ու հավատարիմ է եղել Մինսկի խմբի գործունեությանը»:

Նույն շարքից