Հայաստան 

Ա. Վարդանյանը բացառեց ԵՄ պաշտոնյայի առաջարկը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում ԼՂ որոշ շրջանների դիմաց

Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստին Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջաթ Քարիմը «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանին հարց ուղղեց, որը վերաբերում էր հայ-թուրքական հարաբերություններին:



Նա նախ նշեց, թե անշուշտ բոլորը տեղյակ են ԵՄ դիրքորոշումից, որ համաձայն են, որ սահմանը պետք է բացվի առանց նախապայմանի:



«Մեկ տարի առաջ թուրք դեսպանն ասաց, որ այդ արձանագրությունները սառեցված են, բայց ոչ վախճան ունեցող, սակայն ես չեմ վիճարկի բարի կամքի դրսևորումը, բայց չեք կարծո՞ւմ, որ հայկական կողմից օրինակ քայլ արվի և ասենք ոչ ԼՂՀ-ն, այլ՝ որոշ տարածքների զիջումը հարցին կօգնի»,-հարցրեց նա:



Նա նաև անդրադարձավ Թուրքիայի հետ հարաբերությունների համար հիմնական խնդիր հանդիսացող Հայոց ցեղասպանության հարցին և նշեց, թե այս միջոցառումներն արդյո՞ք բացասական ազդեցություն չեն ունենա Թուրքայի գործողությունների համար:



ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը պատասխանեց, թե իրենք և բոլոր միջազգային կառույցները, այս թվում՝ ԵՄ-ն, ասել են, որ ՀՀ -Թուրքիա հարաբերությունները պետք է լինեն առանց նախապայմանների:



«Ի՞նչ է նշանակում երրորդ պետության՝ Ադրբեջանի հետ խնդիրը դարձնել հարաբերություներին համար նախապայման։ Սա ընդունելի չի և ոչ մի միջազգային կանոններով , դրա համար խոսք լինել չի կարող Թուրքիայի հարցում զիջումներ կատարելու և ԼՂՀ որոշ շրջաններ հանձնելու հարցում»,-ասաց նա:

 



Աղվան Վարդանյանը նշեց, թե օբյեկտիվ տեսնողները կգնահատեն, թե ինչ է այսօր կատարվում ՀՀ-Ադրբեջան սահմանային գծում և ԼՂՀ-Ադրբեջան գծում:



«Այն հարձակումները՝ տասնյակ զոհերով, որ ձեռնարկում է Ադրբեջանը սահմանային գծում և այդ սպառազինումը ուղղակի որևէ շանս չեն թողնում, որ որևէ զիջում կարող է լինել հակառակ կողմից: Զիջել որևէ շրջան, դա նշանակում է՝ ավելի մոտեցնել այդ հարձակումները, և այս առումով մենք բացառում ենք և որևէ նախապայմանով չենք գնա որևէ զիջման»,-հայտարարեց նա:



Ինչ վերաբերում է Ցեղասպանության հարցին, ապա ըստ Աղվան Վարդանյանի՝ Թուրքիան իր ժխտողականության քաղաքականությունը շարունակվում է հարյուր տարի:

 

 

«Տեսեք՝ այդ օրը նրանք կազմակերպել են մի միջոցառում, որ ստվերեն Երևանում տեղի ունեցող հիշատակի արարողությունը և որպեսզի աշխարհի տարբեր երկրների ղեկավարները չգան Հայաստան: Սա ինչի՞ մասին է վկայում, որ Թուրքիան իր պատմության առերեսումից խուսափում է»,-ասաց նա:


ՀՅԴ պատգամավորը նաև նշեց, թե հայերը թշնամանքի ժողովուրդ չեն, քանի որ գիտակցում են, որ թշնամանքը թշվառություն է, բայց հարգելով այդ մոտեցումը՝ պարտադրում են բոլորին հարգել այդ իրավունքները:

Նույն շարքից