Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստին ի պատասխան ընդդիմադիր պատգամավորների քննադատական ելույթներին, թե Հայաստանում կեղծվում են ընտրությունները, կան քաղբանտարկյալներ, կառավարումն ու ժողովրդավարությունը լուրջ խնդիրներ ունեն՝ Ազգային ժողովի Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը նախ ընդգծեց, թե հայկական պատվիրակությունը պայմանավորվածություն ունի, որ ժողովրդավարացման թեմաներից խոսեն ընդդիմության ներկայացուցիչները:
Ըստ նրա՝ Հայաստանում այսօր քաղբանտարկյալներ չկան, ինչը Նիկոլ Փաշինյանի և այլ քաղաքական գործիչների ջանքերի արդյունք է:
«Հայաստանի Հանրապետությունն այլ իրավունք չունի և չի կարող գնալ այդ ճանապարհով, որ մարդիկ քաղաքական ընդդիմախոսության համար հայտնվեն բանտում»,-ասաց նա:
Խոսելով արդեն ընտրությունների որակի, ընտրախախտումների վերաբերյալ հայտարարությունների մասին՝ Սամվել Ֆարմանյանը հիշեցրեց, որ ընտրությունները դիտարկող բոլոր մասնագիտացված կառույցները, այդ թվում՝ նաև եվրոպական, տվել են իրենց գնահատականը:
«Կասկածի տակ առնենք, թե չառենք, նրանք իրենց եզրակացությունը ներկայացրել են գործընթացների վերաբերյալ»,-ասաց նա:
Ֆարմանյանը նկատեց, թե Հայաստանն այն բացառիկ երկրներից է, որտեղ ընտրություններին պարտված կողմ չի լինում:
«Բոլորը հաղթում են միաժամանակ: Ում էլ հարցնեք, կասեն՝ հենց իրենք են ընտրվել»,-ասաց նա և հավելեց, թե ընտրությունների ճանապարհով քաղաքական իշխանության զիջումը նոր էջ կբացի քաղաքական իշխանության կայուն զարգացման համար, բայց, նույն հաջողությամբ, պարտության ճանաչումը ընդդիմության համար նույնպես նոր էջ կբացի երկրի զարգացման համար:
«Բայց եթե պարտվող կողմն ընդունի, որ ինքը ընտրություններում պարտվել է, ապա մյուս ընդդիմադիրները նրան անմիջապես կմեղադրեն ծախված լինելու մեջ և այլն»,-ասաց նա և հավելեց, թե դա մեր երկրի խնդիրն է, և ոչ ոք այդ խնդիրը չի լուծելու: