Հայաստան 

Ռուսաստանը բոլոր հետխորհրդային երկրների համար մնում է զենքի հիմնական մատակարարը. Ալեքսանդր Իսկանդարյան

analitik.am

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը որևէ նորություն չի տեսնում ՀՀ Նախագահի վերջերս արած այն հայտարարության մեջ, համաձայն որի Հայաստանի համար խնդիր է, որ Ռուսաստանը սպառազինում է Ադրբեջանին: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին քաղաքագետն ընդգծեց, որ այս մասին խոսվել է բազմիցս:

 


«Մինչ օրս ինչ-որ մեկը չէ՞ր հասկանում, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, ի՞նչ է, սա նորությո՞ւն է, պետք էր, որ Նախագահը խոսե՞ր այս մասին, որ հասկանայինք: Ի՞նչ է, առաջին անգամ է այս մասին ասում Հայաստանի որևէ պաշտոնական դեմքը, դուք չե՞ք լսել արտգործնախարարի և պաշտպանության նախարարի հայտարարությունները այս հարցի շուրջ: Սերժ Սարգսյանն ասաց, որ Ռուսաստանը Հայաստանի համար կարևոր է, ոչ մի երկիր Հայաստանի համար չի արել ՌԴ-ի արածի մեկ տոկոսի չափով: Նաև ասաց, որ հայ զինվորները հաճույք չեն զգում նրանից, որ իրենց վրա կրակում են ռուսական զենքով»,- ասաց նա:


Ալեքսանդր Իսկանդարյանն ընդգծեց, որ ոչ մի էական նոր բան տեղի չի ունեցել ՀՀ Նախագահի հայտարարությամբ:


«Հայաստանի հիմանական ռազմական գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը: Հայաստանը նրանից է գնել զենք ու նրանից էլ շարունակելու է գնել: Ռուսաստանը բոլոր հետխորհրդային երկրների համար մնում է զենքի հիմնական մատակարարը: Իհարկե, հայերը գոհ չեն կարող լինել, որ Ռուսաստանը զինում է Ադրբեջանին: Ինչ վերաբերում է «ֆեյսբուքահայության» մեկնաբանություններին, որ Նախագահի ասածների մեջ նշաններ կան, կարծում եմ ճիշտ չէ»,- ասաց նա:


Քաղաքագետն ընդգծեց, որ Ռուսաստանում հասկանում են, որ Հայաստանի համար հաճելի չէ, որ զենք են վաճառում Ադրբեջանին, բայց Ռուսաստանը իր հետաքրքրություններ ունի ինչպես Ադրբեջանում, այդպես էլ Հայաստանում:


Հարցին, թե կարծիքներ է հնչում, որ երեկ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հարձակումը Ռուսաստանի պատասխանն է Հայաստանին Ադրբեջանի միջոցով, պատասխանեց. «Ես լուրջ քաղաքագետ եմ, բարձրագույն կրթություն ունեմ և չեմ կարող նման բաներ մեկնաբանել»:

Նույն շարքից