Հայաստան 

Սերժ Սարգսյանն առաջին անգամ չէ, որ խոսում է ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցի մասին

analitik.am

Այսօր բավականին քննարկվեց այն հարցը, թե ինչու է Սերժ Սարգսյանը հենց հիմա անդրադարձել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն:  Հիշեցնենք, որ  Սերժ Սարգսյանը նոր չի , որ խոսում է  այդ մասին: Դեռևս  2014թ-ի հուլիսին Սերժ Սարգսյանը Հարավային Ամերիկա այցի ընթացքում հարցազրույց էր  տվել արգենտինական Clarin պարբերականին, որտեղ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել էր  նաև Ռուսաստանի՝ Ադրբեջանին վաճառվող սպառազինության թեմային, ասելով, որ հայկական կողմը ցավոտ է ընդունում այն փաստը, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենք է վաճառում։


Հարց – Ռուսաստանը վերջին շրջանում Ադրբեջանին 2 մլրդ դոլարի զենք է վաճառել

Ս.Ս.  – Մեզ համար դա շատ ցավոտ թեմա է, և մեր ժողովուրդն անհանգստացած է այն փաստով, որ ռազմավարական դաշնակիցը զենք է վաճառում Ադրբեջանին։ Վստահ եմ, որ Հայաստանն ունի բավարար ուժ և կարողություն, որպեսզի պաշտպանի իր սահմանները։ Չնայած նրան, որ Ռուսաստանը Բաքվին զենք է վաճառում, չեմ կասկածում, որ մեզ համար դժվարին պահին Ռուսաստանը կկատարի իր ստանձնած պարտավորությունները։


Հիշեցնենք, որ օրերս ՀՀ նախագահ  Սերժ Սարգսյանն իր  ելույթում անդրադարձավ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցին.  «ՀՀ ԶՈՒ ստեղծումից ի վեր մենք երախտապարտ ենք և շնորհակալ մեր դաշնակցին՝ մեզ օժանդակելու համար: Իհարկե, այս հարաբերություններում մեզ անհանգստացնում է, որ ՌԴ-ն՝ ելնելով տարբեր պատճառներից, դրդապատճառներից, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, և այստեղ խնդիրը սպառազինության որակը չէ, խնդիրն այն է, որ մեր սահմանին կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքից:


Սա է ամենաբարդ հանգամանքը և սա է, որ մեր հարաբերությունների վրա կարող է վատ ազդեցություն ունենալ: Տևական ժամանակ, 250 տարվա ընթացքում, հայերը և ռուսներն ապրել են կողք կողքի, ունեցել են ընդհանուր թշնամիներ, հակառակորդներ և իրենց երկրում արտադրված զենքերից իրար վրա չեն կրակել: Սա խնդիր է, պրոբլեմ, և այս պրոբլեմը պետք է լուծում ստանա»:

 

 

Նույն շարքից