Հայաստան 

Հայոց ցեղասպանության փաստն այնքան խոսուն է, որքան լուսնի ու արևի առկայությունը երկնքում. Շարմազանով

analitik.am

Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը թեև նաև զավեշտալի է համարում Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները, բայց նաև զարմացած է և եվրոպական կառույցներին խորհուրդ է տալիս կարդալ՝ հասկանալու, որ դրանք հիշեցնում են միջնադարյան բռնապետի կամ Հիտլերի ելույթները:


«Զարմանալի և զավեշտալի է, երբ պետության ղեկավարը, նույնիսկ Ադրբեջան պետության ղեկավարը, որը Եվրոպայի խորհրդի անդամ է, ԱՊՀ անդամ, ով ինքը ունի դիվանագետի որակավորում, կարող է իրեն թույլ տալ նման բառապաշարով ելույթ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը և ավելացրեց, որ Ադրբեջանի Նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը ֆաշիզմ և ռասիզմ է քարոզում։



«Եվ այն, որ նրա քաղաքականության արդյունքում տարածաշրջանի անվտանգությանը կարող է վտանգ սպառնալ, սա փաստ է, և դա բոլորը պետք է գիտակցեն: Ինչքան աչքերը փակեն, այնքան պրոբլեմները շատ են լինում»,-ասաց Էդուարդ Շարմազանովը։

 

 

Զավեշտալի համարելով ալիևյան՝ «պատմական արդարությունը» վերականգնելու ու պատմական տարածքները հետ վերադարձնելու մասին հայտարարությունները (երբ խոսում է , թե հայկական տարածքները մինչև Զանգեզուր ու Երևան ադրբեջանական են)` Էդուարդ Շարմազանովը ևս մեկ անգամ խորհուրդ է տալիս կարդալ հունահռոմեական պատմիչներին` սկսած Ստրաբոնից:



«Եվ կհասկանա, որ ոչ միայն Երևանը, Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը իր պատմական հայրենիքի հետ կապ չունեն, այլև իր այսօրվա ղեկավարած պետության մեծ մասը կապ չունի իր պատմական հայրենիքի հետ»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:



Անդրադառնալով երեկ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմից սանձազերծած դիվերսիոն գործողություններին՝ Շարմազանովը նշեց, որ դրա ողջ պատասխանատվությունը մնում է բացառապես Ադրբեջանի իշխանությունների վրա:



«Թե՛ հայ զինվորների, թե՛ ադրբեջանցի զինվորների արյունը բացառապես Ադրբեջանի իշխանությունների վրա է ընկնում, որովհետև Ադրբեջանի իշխանությունները և իրենց ղեկավարը տարիներ շարունակ քարոզում են հակահայկականություն, ֆաշիզմ և ռասիզմ: Իսկ Ալիևը դարձել է իր իսկ կողմից իրականացվող կեղծ գաղափարախոսության  գերին: Ալիևի քաղաքականությունն ինձ հիշեցնում է Սադամ Հուսեյնի և Ադոլֆ Հիտլերի քաղաքականությունն ու հայտարարությունները»,-մեկնաբանեց ՀՀԿ խոսնակը և Իլհամ Ալիևին խորհուրդ տվեց հիշել նրանց, ինչպես նաև բռնապետերի ու ֆաշիստական գաղափարախոսության կրողների ճակատագիրը:



«Ցավոք սրտի, ոչ միայն նրանց անձնական ճակատագրերն են վատը լինում, այլև իրենց ժողովուրդներին են իրենց հետ տանում դեպի կործանում»,-ավելացրեց նա:



Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի վարչապետն էլ, որպես թուրքական ժխտողականության հերթական քայլ, դիմել էր հայկական սփյուռքին`ասելով. «Հեյ, սփյուռք, մեջտեղ բե՛ր արխիվներդ»:



Այս կապակցությամբ Էդուարդ Շարմազանովը նկատեց. «Հայոց ցեղասպանության փաստն այնքան խոսուն է, որքան լուսնի ու արևի առկայությունը երկնքում»:



Իսկ եթե Էրդողանը փաստեր է ուզում, ապա ՀՀԿ խոսնակն առաջարկում է ապրիլի 24-ին գալ գալ Երևան, այցելել Ծիծեռնակաբերդ, պատմության թանգարան և ծանոթանալ փաստերին:



«Իսկ ավելի խոսուն փաստերը հազարավոր պղծված եկեղեցիներն են, հազարավոր քանդված գյուղերն են, միլիոնավոր հայերից զուրկ տարածքները։ Միլիոնավոր հայկական համայնքն է, որ ապրել է Օսմանյան կայսրությունում և մազապուրծ է եղել, Դեյր Զորն է, փաստաթղթերն են, հենց իրենց Ռազմական դատարանի որոշումն է, դա Երիտթուրքական կառավարության գաղտնի որոշումն է, դա 1915 թ. մայիսի 24 -ի՝ Անտանտի երկրների հայտարարությունն է, ըստ որի` հայերի հանդեպ իրականացված հանցագործությունը քաղաքակրթության նկատմամբ իրականացված հանցագործություն է, դա ՄԱԿ-ի բանաձևերն են»,-թվարկեց Էդուարդ Շարմազանովը:


Աղբյուր` Tert.am

Նույն շարքից