Հայաստան 

Ցեղասպանության ճանաչման հարցում մենք հաջողել ենք տարբեր հարթակներում. Է. Շարմազանով

analitik.am

Հայաստանի հանրապետական կուսակցության ԳՄ հերթական նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ՀՀ Նախագահը ներկայացրել է Բրյուսել կատարած այցի մանրամասները:

 

Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին վերաբերող հարցերի վերաբերյալ ևս քննարկումներ եղել են։ «Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ եվրոպական մի շարք կառույցների դատապարտման գործընթացները կարևոր են: Վերջին մի քանի օրերի ընթացքում եվրոպական 4 կառույցի կողմից հնչել են դատապարտող հայտարարություններ: Սա շատ կարևոր է և ևս մեկ անգամ փաստում է, որ տարբեր հարթակներում ցեղասպանության ճանաչման հարցում հաջողել ենք»,–ասաց Էդուարդ Շարմազանովը:

 

ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել է նաև մարտի 15-ին մի շարք համայնքներում կայացած տեղական ինքնակառավարմանմարմինների ընտրությունների հարցը:

«Ընտրատարածքների 70 տոկոսում հաղթել են ՀՀԿ-ական թեկնածուները: Սա նշանակում է, որ ՀՀԿ-ն համայնքներում շարունակում է վայելել մեծամասնության վստահությունը»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նիստում անդրադարձ է եղել  նաև սահմանային դեպքերին:

«Անթույլատրելի ենք համարել ուժի կիրառման, ապակայունացման ցանկացած փորձ: Ադրբեջանցիների կողմից նման հարձակումները արդյունք են Ադրբեջանի ղեկավարության ապակառուցողական քաղաքականության, մեզ այլ բան չի մնում, քան պատասխան տալ, ինչն էլ անում են մեր տղաները»,-հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:

Նույն շարքից