Հայաստան 

Սևանից շատ ջուր է վերցվել, ինչի հետևանքով էլ Սևանում ջրի քանակի հետ կապված խնդիրներ են առաջացել. Քնարիկ Հովհաննիսյան

Հունվարի 1-ի դրությամբ Սևանում կա բացասական հաշվեկշիռ, որն օրենքով անթույլատրելի է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանը՝ մտահոգություն հայտնելով, որ ոռոգման նպատակով Սևանից շատ ջուր է վերցվել, ինչի հետևանքով էլ Սևանում ջրի քանակի հետ կապված խնդիրներ են առաջացել:



«Մեր գետերն այսօր աղտոտված են, մենք չունենք կենսաբանական կեղտաջրերի մաքրման կայան, ունենք միայն մեխանիկական մաքրման կայաններ, որոնք միայն այս կամ այն աղբն են մաքրում»,- հայտարարեց մասնագետը:



Ասուլիսի մյուս մասնակից, բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանի խոսքով՝ մենք մոռացել ենք ջրի նկատմամբ մեր նախնիների ունեցած վերաբերմունքը:



«Ջուրն այսօր որպես կոյուղի ենք օգտագործում, աղբը լցնում ենք ջուրը և ասում, թե ջուրը կտանի այն: Մեր ջրերը աղբով են լցված»,- ասաց տիկին Դանիելյանը:



Բնապահպանը նաև նշեց, որ ինքը եղել է գրեթե բոլոր երկրներում, սակայն ոչ մի տեղ  այսքան շատ աղբով լցված երկիր, ինչպիսին Հայաստանն է, չի տեսել:



Բնապահպան Սիլվա Ադամյանը, որ նույնպես մասնակցում էր ասուլիսին, ասաց, որ եթե շարունակենք այսպես վարվել մեր ջրային ռեսուրսների հետ, ինչպես հիմա, ապա հայտնվելու ենք ասիական այն երկրների շարքում, որտեղ խմելու ջուրը լուրջ խնդիր է:



«Գետերի վրա ՀԷԿ-եր են կառուցում, դա հանցագործություն է»,- ընդգծեց Սիլվա Ադամյանը:

Նույն շարքից