Հայաստան 

Քուվեյթի վարչապետը մտադիր է այցելել Հայաստան

analitik.am

Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանին երեկ ընդունել է Քուվեյթի վարչապետ, Նորին վսեմություն շեյխ Ջաբեր Ալ Մուբարաք Ալ Համադ Ալ Սաբահը:

 

 

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

 

Դեսպան Չարչօղլյանը Քուվեյթի վարչապետին է փոխանցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները, ինչպես նաև հանձնել է վերջինիս շնորհակալական ուղերձն ու Հայաստան այցելելու հրավերը:



Շնորհակալությամբ ընդունելով ՀՀ վարչապետի հրավերը` վարչապետ Ալ Սաբահը հայտնել է առաջիկայում անպայման Հայաստան այցելելու իր պատրաստակամությունը:



Քուվեյթի վարչապետը գոհունակությամբ նշել է Հայաստանի և Քուվեյթի միջև ջերմ բարեկամական փոխգործակցության առկայությունը և կարևորել է ակտիվ փոխայցելությունների դերն այդ փոխգործակցության առավել խորացման և սերտացման գործում:



Վարչապետ Ալ Սաբահն ընդգծել է նաև ՀՀ վարչապետի այցի ընթացքում ձեռքբերված համաձայնությունների իրականացման կարևորությունը, ինչը նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև բազում ոլորտներում համագործակցության ընդլայնման համար:



Երկուստեք ընդգծվել է երկու բարեկամական երկրների միջև հարաբերությունների դինամիկ զարգացումը և կարևորվել բազում ուղղություններով համագործակցության առավել խորացմանն ու ընդլայնմանն ուղղված հետագա ջանքերի գործադրումը:



Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային արդի խնդիրներին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի:

Նույն շարքից