Հայաստան 

Եվրոպական երկրները տարիների ընթացքում դիտարկել են և Հայաստանին դիտում են որպես կարևոր գործոն տարածաշրջանում․ Գագիկ Մակարյան

analitik.am

Հայաստան-ԵՄ և Հայաստան-ԵՏՄ հարաբերությունների ներկայիս վիճակի և հնարավոր զարգացումների մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում իրենց կարծիքները հայտնեցին փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը և Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:


 

«Հայաստանը հնարավորություն է ստացել դիվերսիֆիկացնել իր ներքին, արտաքին, տնտեսական, անվտանգության քաղաքականությունները: Այդ հնարավորությունը ժամանակային առումով անսահմանափակ չէ, և կօգտագործի՞ այդ հնարավորությունը Հայաստանը, թե ոչ, դա կախված է միայն Հայաստանից»,-ասաց Ռուբեն Մեհրաբյանը:



Ըստ նրա՝ հայ-ռուսական հարաբերությունները գլխավոր խոչընդոտ են Հայաստան-ԵՄ հարաբերությունների կարգավորման հարցում:



«Դրանք կմնան այնքան ժամանակ, քանի դեռ այդ հարաբերություններն ուղղահայաց դիրքից չեն անցել հորիզոնականի»,-նշեց փորձագետը:



Ռուբեն Մեհրաբյանն ասաց նաև, որ Հայաստանի համար բացվել է հնարավորություն՝ մեծացնելու իր ամրության պաշարը, որպեսզի կարողանա դուրս գալ այն փոսից, որ ընկավ 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո:



Գագիկ Մակարյանն էլ ընդգծեց, որ Եվրոպան երբեք չի հրաժարվելու Հայաստանից, որովհետև կարևոր գլոբալ խնդիրներ կան, որոնք եվրոպական երկրները տարիների ընթացքում դիտարկել են և Հայաստանին դիտում են որպես կարևոր գործոն տարածաշրջանում:

 

«Կարծում եմ, որ ասոցացման նոր համաձայնագիր կստորագրվի: Իմ համոզմամբ՝ դա ավելի վաղ պետք է լիներ, պարզապես ուկրաինական գործընթացներն այդ ամենը մի փոքր հետ գցեցին»,-հայտարարեց Գագիկ Մակարյանը:



Տարածաշրջանի մյուս պետության մասին խոսելով՝ Գագիկ Մակարյանն ասաց, թե պետք է հաշվի առնել, որ Թուրքիան շատ արագ զարգանում է և գերպետություն է դառնում, որն անպայման իր շահերի մեջ որոշակի խնդիրներ է առաջացնելու եվրոպական երկրների, Ռուսաստանի և Արևմուտքի համար, հետևաբար, Հայաստանն իր դիրքով կարևորագույն դեր ունի նշված երկրների համար:



«ԵՄ-ն շատ լավ հասկանում է իրավիճակը և Հայաստանին աչքաթող չի անում։ Հետևաբար, Հայաստանը պետք է խելացիորեն օգտագործի այդ հնարավորությունը», -նշեց Գագիկ Մակարյանը:

Նույն շարքից