Հայաստան 

Աժ-ում քննարկվում է «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ-ին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» նախագիծը

analitik.am

Ազգային ժողովում քննարկվում է «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ-ին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» նախագիծը:

 

Հիմնական զեկուցող, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ նախագծի համար առաջնորդվել են «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին», «Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաներով, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր այլ միջազգային ակտերի համապատասխան սկզբունքներով և դրույթներով:

 

Շարմազանովը նշեց, որ արձանագրելով հայ, հույն և ասորի ժողովուրդների՝ դարերի խորքից եկող բարեկամական հարաբերությունները, այս նախագծով հայտարարում են, որ դատապարտում են Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ-ին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը:

 

 

«Սա կլինի մեր ներդրումը ցեղասպանությունների դեմ միջազգային պայքարում»,-նշեց նա:

 

Շարմազանովը նշեց, որ այս նախագիծը նոր չի մշակվել, և սկիզբը դրվել է երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի հետ՝ չորս տարի առաջ:

 

ԱԺ փոխնախագահը նկատեց, որ հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչվել է Շվեդիայի խորհրդարանի կողմից՝ 2010թ. մարտի 11-ի հատուկ բանաձևով: Հույների ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են Հունաստանը և Կիպրոսը, ընդ որում Հունաստանի խորհրդարանը 1994թ. ճանաչել էր Պոնտոսի հույների ցեղասպանությունը, իսկ 1998թ.՝ Փոքր Ասիայի հույների ցեղասպանությունը:

 

Ներկայացնելով հիմնավորումները՝ Շարմազանովը նշեց, որ ցեղասպանագետները հայերի, հույների և ասորիների ոչնչացումը Օսմանյան Թուրքիայում դիտում են որպես մեկ քաղաքականության բաղկացուցիչ մասեր:

 

«Քաղաքականություն, որն ուղղված էր Փոքր Ասիան վերածելու միասնական մահմեդական, այնուհետև՝ թուրքական տարածքի: 1909թ-ից երիտթուրքերն աստիճանաբար սկսում են որդեգրել և անցում կատարել ոչ մահմեդական ժողովուրդների բռնի ձուլման և տարհանման քաղաքականությանը, որի մեկնարկը դրվեց 1909թ. Ադանայում հայ բնակչության կոտորածով»,-ասաց նա:

Նույն շարքից