Հայաստան 

Զարուհի Փոստանջյանը դժգոհեց, թե Սամվել Ֆարմանյանն իրեն անձնական վիրավորանքներ է հասցնում

analitik.am

«Վալերի Պերմյակովին ՀՀ-ին փոխանցելու մասին» նախագիծը արտահերթ կարգով ԱԺ օրակարգ մտցնելու հարցը՝ այսօր ԱԺ-ում նախագիծը ներկայացրած «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի միջև վեճի առիթ դարձավ:

 

Փոստանջյանը դժգոհեց, թե Սամվել Ֆարմանյանն իրեն անձնական վիրավորանքներ է հասցնում. վերջինս էլ ներողություն խնդրեց, բայց հաստատեց՝ «Ժառանգության» պատգամավորը մասնագիտական առումով թերուս է:

 

«Ինձանից աջ կողմ նստած են երկու երիտասարդ պատգամավորներ, որոնք փորձել են մի քանի անգամ անձնական վիրավորանքներ հասնել ինձ։ Անկախ նրանից, դուք քանի կուսակցություն եք փոխել և դեռ քանիսը նպատակ ունենք փոխել, միևնույն է՝ չեք կարող կաշկանդել ինձ»,-ասաց Զարուհի Փոստանջյանը:

 

Վեճի պատճառն այն էր, որ ավելի վաղ Սամվել Ֆարմանյանը Զարուհի Փոստանջյանին բացատրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազն իր ռուս գործընկերոջը Վ. Պերմյակովի հարցով նամակով դիմել է պետության անունից: Մինչդեռ Փոստանջյանը պնդում է, որ պետության անունից այդպես էլ դիմում չի եղել, իսկ Գևորգ Կոստանյանի նամակից ոչ մի նորություն չկա:  

 

«Այո, Կոստանյանը իր գործառույթները չի կատարել և չի էլ պատրաստվում կատարել, և դրա ապացույցն այն է, որ այդպես էլ չտեսանք այն նամակը, որը նա հղել էր ՌԴ դատախազին և դրա պատասխանը: Այդ մի քանի կուսակցություն փոխած անձինք կարիք չունեն նման անձի պաշտպանության»,-ասաց Զարուհի Փոստանջյանը։

 

Ֆարմանյանը վարման կարով ձայն խնդրեց և պատասխանեց. «Ներողություն եմ խնդրում, բայց դա իրոք այդպես է, որպեսզի որևէ մեկը հասկանա, թե ինչումն է տարբերությունը պատգամավոր Սամվել Ֆարմանյանի, պատգամավոր Պողոս Պողոսյանի, Զարուհի Փոստանջյանի և ՀՀ գլխավոր դատախազի միջև, անհրաժեշտ է  նվազագույն իրավագիտական  գիտելիքներ:


Միջպետական համաձայնագրերով սահմանվում են այն լիազոր մարմինները, որոնք հանդես են գալիս պետության անունից: Տվյալ պարագայում ՀՀ գլխավոր դատախազը հանդես է գալիս ՀՀ անունից, իսկ դուք կամ մեր մյուս գործընկերները, որքան էլ ջանաք, չեք կարող հանդես գալ պետության անունից»։ 

Նույն շարքից