Հայաստան 

Հերթական անգամ անիմաստ վատնում ենք փողերը․ Լյովա Խաչատրյան

analitik.am

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը, այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով  համայնքների խոշորացման ծրագրին, անհասկանալի համարեց, թե ինչու է համայնքների խոշորացման համար ծախսվելու 45 միլիոն դրամ: Ինչ վերաբերում է հանրաքվեին, ապա նա ասաց, որ դրա արդյունքները չունեն իրավական հիմք:

 

«Հանրաքվեն կարող է ոչ ասել, իսկ կառավարությունն իր որոշմամբ կարող է համայնքների խոշորացումն իրականացնել»,-ասաց նա:

 

Լյովա Խաչատրյանը կարծում է, որ այդ ծրագրի համար նախատեսված գումարով կարող են այդ համայնքների բազմաթիվ հարցեր լուծել, նույնիսկ կարելի էր փրկել այն մարդկանց տները, որոնք վարկերի պատճառով կորցնում են:

 

«Հերթական անգամ անիմաստ վատնում ենք փողերը: Սա ինձ հիշեցնում է այն դեպքը, երբ  Մոզամբիկից խորհրդատու էին կանչում, որ սովորեցնի՝ ինչպես են կով կթում, կրծքերը լվանում»,-ասաց նա  և հարց բարձրացրեց, թե եթե կառավարությունն անկախ հանրաքվեի արդյունքից պետք է որոշում կայացնի, այդ դեպքում որն է հանրաքվեի վրա փող ծախսելու իմաստը:

 

«Ցանկացած լումա պետք է նպատակային օգտագործենք»,-ասաց նա և առաջարկեց ՝  համայնքների խոշորացումն իրականացնել նախկին շրջանները վերականգնելու տարբերակով:

 

«Ինչպես էր նախկինում՝ Աշտարակի, Ապարանի համայնք, այս տեսքով համայնքները կհամաձայնվեն, բայց հարակից գյուղերը միացնելուն ոչ ոք չի համաձայնի»,- պարզաբանեց նա և հավելեց, որ  կոմունիկացիոն կապեր չկան ու բազմաթիվ այլ խնդիրներ են առկա:

 

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, ի տարբերություն Լյովա Խաչատրյանի, գտնում է, որ համայնքների խոշորացման ծրագիրն անիմաստ չէ: Նա կարևորեց մոդելի ընտրությունը:

 

«Այսօր շատ հարցերի համար  գյուղացիները գնում են այդքան հեռու մարզկենտրոն, բայց իրենց խնդիրները չեն լուծվում»,-ասաց նա:  Ըստ նրա՝ համայնքների խոշորացման պարագայում այդ խնդիրները կլուծվեն:

Նույն շարքից