Հայաստան 

Շարմազանովը բացատրեց, թե ինչու եզդիների ցեղասպանության հարցը չի ներառվել ներկայացված նախագծում

analitik.am

«Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ-ին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» նախագծի քննարկմանը հիմնական զեկուցող, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարցրեց, թե ինչո՞ւ եզդիների  ցեղասպանության հարցը չի ներառվել նախագծում:

 

«Պարո՛ն Շարմազանով, ես իհարկե այդպես մանրամասնորեն չեմ տիրապետում Էնվերի և գերմանական ռազմական կցորդի խոսակցության դետալներին, բայց հարցադրումները, գիտեմ, որ դուք ևս հանդիպել եք եզդի ներկայացուցիչների հետ, մենք նույնպես հանդիպել ենք, լսել իրենց հիմնավորումները:


Ի՞նչն է խանգարում միանշանակ ընդունելի հայտարարության տեքստ մշակել և ներգրավվել օրինակ, որ չդատապարտված ցեղասպանություններն էին պատճառը, որ բերեցին այսօր իսլամիստական պետության  կողմից այն ահաբեկչություններին՝ եզդիների, քրդերի հանդեպ, որ տեղի են ունենում, որն այլ բառով, քան ցեղասպանություն որակել հնարավոր չէ»,-ասաց նա և նշեց, թե ցանկության դեպքում կարող են մեկ պարբերությամբ այդ հարցն ավելացնել՝  չթերագնահատելով այս կարևոր փաստաթղթի իսկապես նշանակությունը և միանշանակորեն կողմ լինելով նրան:

 

Շարմազանովը նկատեց, թե ոչ մի բան չի խանգարում, բայց դա այլ փաստաթուղթ է։

 

«Ի սկզբանե մենք նախապատրաստել ենք երկու փաստաթուղթ, և երկրորդն էլ առանձին պետք է վերաբերի եզդի ժողովրդի նկատմամբ տարվող ցեղասպան քաղաքականությունը: Պարզապես հանձնաժողովի և եզդիների հետ քննարկման ընթացքում մենք չեք ունեցել ամբողջական փաստեր։ Միգուցե որպես պատմաբան  ես խորն եմ նայում այդ հարցին, բայց ճիշտը դա է, ավելի լավ է մենք ընդունենք մի  քիչ ուշ, բայց ավելի հիմնավորված, քան  ընդունենք մի փաստաթուղթ, որը դառնա քննադատության առարկա»,-ասաց նա:  

 

Շարմազանովը նշեց, որ հանդիպել է եզդի համայնքի ներկայացուցիչների հետ, և որոշել են  մայիս-հունիս ամիսներին իրականացնել ցուցահանդես, որտեղ հարթակ կտրամադրեն  Իրաքի եզդիների նկատմամբ իրականցված ֆոտոների ցուցադրությանը։

 

Ինչ վերբերում է եզդի և հայ ժողովուրդներին, ապա, ըստ նրա, խնդիրը դրա մեջ չէ, այլ այն բանի մեջ, որ անգրագիտություն կլինի այս նախագծին այլ բան ավելացնելը:

 

Շարմազանովը նշեց, որ իր նպատակն է ցույց տալ, որ եղել է քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանություն, բայց դա չի նշանակում, որ այլ ժողովուրդների ցեղասպանություն ևս չի եղել:

 

«ՀՀ ԱԺ-ն իրավունք  չունի ընդունել փաստաթղթեր, որոնք մեր մոտ իսկ կասկածի տեղիք կտան»,-եզրափակեց նա և նշեց իրենք պատրաստ են աշխատել, երբ կլինի պատրաստի փաստաթուղթը:

Նույն շարքից