Հայաստան 

ՀՀ քաղաքացիներին ՌԴ ԴՄԾ–ի «սև ցուցակից» հանելու գործընթացն ակտիվանում է. ՌԴ դեսպան

analitik.am

ՀՀ քաղաքացիներին ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության «սև ցուցակից» հանելու գործընթացը ժամանակի ընթացքում ակտիվանում է, «Sputnik–Արմենիա» ռադիոկայանի եթերում ասել է ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։



«Կարծում եմ, որ հայկական և ռուսական միգրացիոն կառույցների փոխգործակցությունը բավականին արդյունավետ է։ Եթե նախորդ տարի ՌԴ մուտքի սահմանափակումը հանելու ժամկետները կազմում էին 3 և ավել ամիս, ապա այժմ համատեղ գործողությունների արդյունքում այդ ժամկետները կրճատվել են», – ասել է Վոլինկինը։



Ըստ նրա` քիչ չեն այն մարդիկ, ովքեր խախտել են ռուսական միգրացիոն օրենսդրությունը, և դրա հետևանքով նրանց նկատմամբ ՌԴ մուտք գործելու սահմանափակումներ են դրվել։


 

«Սակայն այդ հարցերը լուծվում են։ Հայաստանի քաղաքացիները դիմում են Հայաստանի միգրացիոն ծառայություն, դիմում են ներկայացնում, որը հետագայում փոխանցվում է ՌԴ միգրացիոն ծառայություն, այնտեղ նրանք քննարկում են այն, և եթե չկան քրեական հանցանքներ, ապա այդ մարդկանց անունները հանվում են «սև ցուցակից»։ Ժամանակի ընթացքում այդ գործընթացն ավելի կզարգանա», – ասել է Վոլինկինը։



Նա նաև նշել է, որ հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ–ին, որը աշխատուժի ազատ տեղաշարժ է նախատեսում, հայ միգրանտներն ունեն որոշակի առավելություններ։



2015 թ.–ի հունվարի 1–ից ուժի մեջ են մտել ՌԴ օրենսդրության մեջ նախատեսված փոփոխությունները, որոնք կարգավորում են Ռուսաստանում օտարերկրացիների իրավական վիճակը։ Այժմ պատենտ, աշխատանքի թույլտվություն, ժամանակավոր կամ մշտական բնակություն ձևակերպելու համար օտարերկրացիները, բացառությամբ բարձր որակավորում ունեցող մասնագետների, պարտավոր են հաստատել ռուսաց լեզվի իմացությունը, Ռուսաստանի պատմության և օրենսդրության հիմունքների իմացությունը։ Բացի պետական նմուշի հավաստագրից, գիտելիքները կարելի է հաստատել մինչև 1991թ.–ը ԽՍՀՄ–ի տարածքում կամ 1991թ.–ից հետո Ռուսաստանի տարածքում ստացած կրթության մասին փաստաթղթով։ 2015թ.–ից ՌԴ մուտք գործելու համար օտարերկրացիները պետք է արտասահմանյան անձնագիր ունենան (բացառությամբ ԵՏՄ երկրների` Ղազախստան, Բելառուս, Հայաստան, Ղրղըզստան)։

Նույն շարքից