Հայաստան 

Նրանք փորձում են գտնել մեր թույլ կողմը և խոցել մեր պետական սահմանները. Արկադի Տեր-Թադևոսյան

analitik.am

Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների մասին, ասաց, որ լայնածավալ սադրանքներ այս տարվա ընթացքում լինելու են:



«Քանի որ այս տարվա ընթացքում մենք նշում ենք Ցեղասպանության հարյուրամյակը, և ինչպես հայտարարել է Թուրքիայի  արտգործնախարար Ահմեդ Չավուշօղլուն, իրենք ապրիլի 24-ին պատրաստվում են երեք ուղղություններով՝ մշակութային, քարոզչական, դիվանագիտական»,- ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը՝ նշելով, որ ռազմական ուղղությունը Թուրքիան թողել է Ադրբեջանին:



Դրա համար էլ, ըստ գեներալ-մայորի, 2015-ի սկզբից լարվածությունն աճել է և շարունակելու է աճել. «Պատերազմ չի լինի, բայց խոշոր պրովոկացիաներ կլինեն: Դրա համար մենք պետք է օգնենք՝ կանգնեցնելու այդ պրովոկացիները»։



Արկադի Տեր-Թադևոսյանը կարծում է, որ ապրիլի 24-ին ընդառաջ սահմանային սադրանքները լինելու են ոչ թե մեկ կամ երկու, այլ լինելու են բազմաթիվ ուղղություններով, այդ թվում խաղաղ բնակչության վրա կլինեն կրակոցներ:



«Նրանք փորձում են գտնել մեր թույլ կողմը և խոցել մեր պետական սահմանները: Կարծում եմ, որ ապրիլի վերջին թուրքերը կդադարեցնեն այդ գործողությունները»,- ասաց Արցախի հերոսը՝ ավելացնելով, որ ադրբեջանցիները ներկա պահին հաջողությունների հասնելու հնարավորություններ չունեն:



Պատասխանելով լրագրողի հարցին, թե ադրբեջանցիները դիվերսիոն գործողություններ են իրականացնում, բայց մեծ հաշվով ռազմավարական նշանակության խնդիր իրենց համար չեն լուծում. իրականում ավելի լուրջ գործողությունների գնալու դեպքում ինչպիսի՞ կորուստների մասին կարող է խոսք լինել, Արկադի Տեր-Թադևոսյանը պատասխանեց. «Հաշվի առնելով երկու կողմերի արսենալը, ապա երկու կողմերից էր մարդկային լուրջ կորուստներ կլինեն, բայց եթե աշխարհագրական տեսանկյունից նայենք, ապա Արցախի ուղղությամբ հարյուր «սնարյադը» ավելի քիչ արդյունավետ կլինի, քան եթե Արցախի կողմից տասը «սնարյադ» Ադրբեջանի ուղղությամբ կլինի»:

Նույն շարքից