Հայաստան 

ԱԺ-ն միաձայն ընդունեց հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող նախագիծը

analitik.am

«Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ-ին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» նախագիծն ԱԺ-ն ընդունեց 117 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայների քվեարկությամբ: Միաձայն ընդունումը հաջորդեց պատգամավորների hոտնկայս ծափահարությունները:



Մինչ քվեարկությունը վարման կարգով խոսեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ով կրկին անդրադարձավ եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությանը։



«Կրկին ուզում եմ անդրադառնալ եզդիների խնդրին, վստահ եմ, որ բոլոր խմբակցությունները զանգեր են ստացել եզդիական համայնքի ներկայացուցիչների կողմից, ես կրկին հորդորում եմ անդրադառնալ այդ խնդրին»,-ասաց  Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ ԲՀԿ-ն առաջիկայում կնախաձեռնի եզդիների ցեղասպանությունը դատապարտող նախագիծ:



Զոհրաբյանը նաև շեշտեց, որ եզդիական համայնքի ներկայացուցիչները պատրաստ են փաստեր ներկայացնել.


«Ցեղասպանությունը ցեղասպանություն է՝ անկախ նրանից ում նկատմամբ է եղել»,-ասաց նա:



ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հակադարձեց, որ երեկ ամբողջ օրը քննարկվել է այս հարցը։



«Որևէ կրոնական տարբերությունների մասին խոսք չի եղել, մենք որևէ կրոնի նկատմամբ որևէ բացասական դիրքորոշում չենք ունեցել»,-ասաց նա:



«Ժառանգություն» խմբակցությունից Ալեքսանդր Արզումանյանը նշեց, թե հաճախ դժգոհում են, որ արտահերթ նիստեր են ունենում, բայց երեկ մի ամբողջ օր կորցրեցին մի հարցի վրա, որին բոլորը կողմ են:

 

 

«Սրանք այդ հարցերը չեն, մենք բոլորս ճանաչում ենք ցեղասպանությունը և չարժե այդ մասին բոլորս 10 րոպեով խոսենք»,-ասաց նա:



«Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը համամիտ չէր.«Երբ խոսում ենք, իզուր չենք խոսում, մի շտապեք, առանց էդ էլ մեր բերանը փակող շատ կա»:



Նա հավելեց թե ինքն էլ է կողմ ԲՀԿ-ի բարձրացրած հարցին եզդիների ցեղասպանության հետ կապված:



ԱԺ նախագահը Գալուստ Սահակյանը բացատրեց, որ այս հարցերն օրակարգի հետ կապ չունեն:

Նույն շարքից