Այսօր հայկական պետությունը հայկական բանակի շնորհիվ գոյություն ունի, մենք պետք է ամեն օր փառք տանք, որ ունենք առողջ, կարգապահ բանակ, տղաներ, որոնք ապահովում են երկրի անվտանգությունը. այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Նա հասարակության մեջ անշնորհակալության բարդույթ նկատեց: «Ովքեր պանիկայի մեջ են, նրանք անշնորհակալ են: Հայկական բանակը հաջողությամբ կատարում է իր ֆունկցիաները»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է վետերաններին սահման ուղարկելուն, ապա Ազատ Արշակյանն ասաց, որ դա կնշանակի անվստահություն գոյություն ունեցող բանակի նկատմամբ, և նրանք օգուտ չեն տալու: Ըստ նրա՝ 65 տարեկան մարդը չի կարող օգտակար ծառայություն կատարել:
«Ես իմ հեղինակությամբ, գիտելիքներով ընդամենը կխանգարեմ քսանմեկամյա լեյտենանտներին», -ասաց նա և ավելացրեց, որ կարծում է, որ թեև վետերանը հարգանքի արժանի է, հեղինակություն է վաստակել, սակայն այս դեպքում պիտանի չէ:
«Անթույլատրելի է վետերանների կանոնավորված ծառայությունը»,-ասաց նա և նշեց, որ դրա մեջ նաև վտանգ է տեսնում: Նա նշեց, որ թեև դեմ չի պայմանագրային ծառայություններին, սակայն պարտադիր զինվորական ծառայությունը անհրաժեշտ է համարում:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նշեց, որ պայմանագրայինը որևէ բան չի փոխելու, որովհետև գնալու են այնպիսիները, որոնք սոցիալական ծանր վիճակում են գտնվում:
Հրանուշ Խառատյանն ասաց, որ ըստ պաշտոնական տեղեկատվության՝ հաճախ նշվում է, որ սովորական զինծառայողները հերթական անգամ պատվով դուրս են եկել թուրք հատուկ պատրաստվածություն ունեցող ջոկատայինների հետ բախումներից:
«Այսինքն՝ ստացվում է, որ գիտելիքի և փորձառության անհամամասնություն կա»,-ասաց նա և նշեց, որ նախկինում ևս նշել է, թե պատերազմի, թեև սառեցված պատերազմի մեջ գտնվող երկրում, ինչպիսին Հայաստանն է, պետք է համատարած զինծառայություն անցնեն և նաև աղջիկները՝ կամավորության սկզբունքով:
Նա գտնում է, որ մշտական տագնապի մեջ գտնվող երկրի քաղաքացիները կարող են ռազմական գործողությունների պատրաստվածության գնալ:
«Արդյոք սահմանամերձ բնակավայրերի բնակչությունը լուրջ պաշտոնական պատրաստվածություն չպե՞տք է անցնի և անընդհատ գնդակոծվող գյուղերում ներքին պաշտպանության բաներ չպե՞տք է լինեն»,-ասաց նա և նշեց, որ հատկապես սահմանային գոտիներում, գյուղական բնակավայրերում պետք է ամբողջովին պաշտպանական պատրաստվածություն կլինի և չափահաս բնակչությունը զինվորական պատրաստվածություն անցնի: