«ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը, ըստ հիմնական զեկուցող, «Հանրապետական» պատգամավոր Արտակ Զաքարյանի՝ նույնպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում է:
ԱԺ-ում նախագծի քննարկման առանցքը հիմնականում վերաբերում էր «Մխիթար Գոշ» մեդալով պարգևատրելու կարգին, ըստ որի՝ պարգևատրվում են նաև օտարերկրյա այն գործիչները, որոնք նշանակալի դեր են ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման և ժխտողականության դեմ պայքարի գործում:
«Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն առաջարկում է, որ ազատ թողնել հնարավորությունը, թե որ մեդալով Նախագահը պետք է պարգևատրի օտարերկրյա այդ գործիչներին և անվանումը չֆիքսել:
Արտակ Զաքարյանը նշեց, որ իհարկե ՀՀ Նախագահի իրավասության շրջանակում է նաև «Մխիթար Գոշ» մեդալով պարգևատրելու հարցը, ուղղակի ցանկում երկու մեդալներ են, որոնք իրենց բնույթով համապատասխանում են Ցեղասպանության ճանաչմանն ու ժխտողականությանը՝ «Մխիթար Գոշ» և «Երախտագիտության» մեդալները: Ըստ նրա՝ մյուսները չեն համապատասխանում և ընտրության հնարավորությունն էլ չկա, և Նախագահը չի կարող պարգևատրել օրինակ՝ հայրենիքի ծառայության համար «Անանիա Շիրակացի» մեդալով:
ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանն էլ նկատեց, թե «Մխիթար Գոշ» մեդալով պարգևատրելը որևէ օտարերկրացու որևէ բան չի ասի, թե նա ինչ մեդալակիր է, և իր շրջապատում չի կարող ներկայանալ, որ Հայաստանի հետ կապված մարդ է: Նա առաջարկեց, օրինակ, նոր հուշամեդալ սահմանել 100-րդ տարելիցին նվիրված:
Արտակ Զաքարյանը նշեց, թե Կենտրոնական բանկը նման հուշամեդալ թողարկել է, բայց կոնկրետ մեդալների ցանկում սխալ է նշել՝ 100-րդ տարելիցին նվիրված:
«Ուղղակի մեկ տարվա համար ամբողջ ուժն ու նշանակությունը կծառայեցնի, բայց հետագայում արդեն չի կարող ունենալ նույն նշանակությունը: Եթե մենք ժխտողականության դեմ մեդալ ենք սահմանում, անընդհատ նոր մեդալի խնդիր չպետք է ունենանք, օրինակ՝ 110, 120-ամյակի մեդալ կրկին սահմանենք: Պետք է ցանկում ունենալ մի մեդալ, որը կունենա նույն նշանակությունը»,-ասաց նա:
Ստեփան Մարգարյանը նշեց, թե ինքը հարյուրամյակը օրինակի համար է ասել։
«Մխիթար Գոշ անվանումը շատ բան չի ասում, բայց «հայ ժողովրդի բարեկամ»՝ դա ավելի շատ բան կասեր»,-նշեց նա:
Արտակ Զաքարյանը նշեց, թե դեմ չէ, բայց դրա համար էլ կա ժողովրդի անունից երախտագիտության մեդալը: Պատգամավորը նաև ավելացրեց, որ պարգևատրողներին տեղեկացվում է, թե ինչի համար են պարգևատրվել և ինչ մեդալով:
ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանն է նշեց, թե նախկինում էլ օտարերկրյա տասնյակ գործիչներ պարգևատրվել են Մխիթար Գոշ մեդալով, ինչո՞ւ են հիմա կրկին հարցին անդրադառնում:
Արտակ Զաքարյանը նշեց, որ պարգևատրվել են, ուղղակի հստակ ամրագրված չի եղել , չնայած օրենքի խախտումով էլ չի եղել: