ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կողմից անցկացվող «Հիշատակի էստաֆետ» ակցիայի շրջանակում ՀՀ ԱԺ-ում են ԱՊՀ ՄԽՎ պատվիրակության անդամները:
Բելառուսական պատվիրակության անդամ Թամարա Դոլգոշեյը հրավիրված ասուլիսին պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես կմեկնաբանի լուրերը, թե ոչ միայն Ռուսաստանն է Ադրբեջանին զենք վաճառում, այլ նաև Բելառուսը, նշեց, թե դա չի համապատասխանում իրականությանը:
«Ես նույնիսկ չեմ ուզում դա մեկնաբանել. դրանք ուղղակի լուրեր են, ես երաշխավորում եմ իմ պետության անունից, մենք շատ խաղաղ մարդիկ ենք, բարեկամաբար ենք վերաբերում և՛ ռուս, և՛ հայ ժողովուրդներին: Մենք չենք ունեցել և չունենք հարձակվելու նպատակ, մենք, ինչպես և յուրաքանչյուր խելացի ազգ, միայն պաշտպանվում ենք, այդ պատճառով այն զինվորական պատրաստությունները, որ անում են, որ պետք է ամեն երկիր կարողանա ունենալ, միգուցե այդ զինավարժություններն են այդ լուրերի առիթ հանդիսացել»,-ասաց նա:
Տիկին Դոլգոշեյն ընդգծեց, որ ռուս-ուկրաինական խնդրում Բելառուսը հանդես է գալիս որպես հարցի խաղաղ կարգավորման կողմնակից: Ըստ նրա՝ իրենց երկիրը փորձում է աջակցել ուկրաինացի ժողովրդին, հովանավորական օգնություն է ցուցաբերում խաղաղ բնակչությանը, և դա է իրականությունը:
«Ես չեմ ուզում հիմա քննարկել, թե ինչ պատճառով է ծագել ուկրաինական հակամարտությունը, ով և ինչ է դրա հետևում կանգնած. բայց այնտեղ հաստատապես չկան ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Բելառուսը, ոչ որևէ այլ երկիր, որ այստեղ ներկա է»,-ասաց նա: