Հայաստան 

Չեմ կարծում՝ պատերազմ վերսկսվի, ձեռնտու չէ իրենց. ՊՆ փոխնախարար

analitik.am

Պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, լրագրողների հետ զրույցում  խոսելով սահմանին տիրող վիճակից,  նշեց, որ սահմանին ներկա պահին լարվածություն կա, բայց վիճակը վերահսկվում է:

 

Հարցին՝ հնարավո՞ր է պատերազմ, քանի որ Նախագահ Սարգսյանն էլ չի բացառել պատերազմ վերսկսելու հանգամանքը, փոխնախարարը նկատեց. «Չեմ կարծում պատերազմ վերսկսվի՝ ձեռնտու չէ իրենց. մենք խաղաղ կարգավորման գործընթացում ազնիվ ենք ողջ գործընթացում, անում ենք ամեն ինչ, որ խաղաղ գործընթացը պահպանվի»:

 

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանը հատած պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի միջադեպին ու ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված տեսանյութին՝ նա նշեց, որ այս պահին չի կարող անպատասխանատու հայտարարություններ անել:

 

«Տեսանյութը դեռ ուսումնասիրվում է, ինչպես նաև պայմանագրային զինծառայողի՝ սահմանը հատելու դեպքը, անցնելու պատճառները պարզվում են»,-ասաց նա:

 

Փոխնախարարի խոսքով՝ դեռ պետք է ուսումնասիրվի զինծառայողի անձը, ընտանեկան կարգավիճակը, փոխհարաբերությունները ծառայակիցների հետ և բազմաթիվ այլ պատճառներ, որից հետո հնարավոր կլինի հստակ ասել ամեն ինչ:

 

Լրագրողներից մեկի հարցին՝ հնարավո՞ր է զինծառայողը հոգեկան շեղումներ ունի, փոխնախարարը պատասխանեց, թե դեպքը տեղի է ունեցել երեկ և որևիցե պատճառ չի կարող ասել. «Որովհետև ասածս կլինի ոչ ճշմարիտ, որ հավաստի»:

Նույն շարքից