Հայաստան 

ՀՀ ԱԺ–ի ընդունած բանաձևը պատմական իրադարձություն է. ասորական ասոցիացիայի նախագահ

analitik.am

Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների ցեղասպանության մասին բանաձևը, որն ընդունել է ՀՀ ազգային ժողովը, պատմական իրադարձություն է, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց «Աթուր» ասորական ասոցիացիայի նախագահ Արսեն Միխայլովը։



ՀՀ ԱԺ–ն երեքշաբթի նիստի ժամանակ միաձայն կողմ է քվեարկել Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևին։



«Ողջունում ենք ընդունված բանաձևը։ Մենք մի քանի տարի բանակցություններ ենք վարել այդ բանաձևի ընդունման նախաձեռնողների հետ։ Եվ այսօր տեղի ունեցավ այդ պատմական իրադարձությունը», – ասաց Միխայլովը։



Նրա խոսքով` երբ մի քանի տարի առաջ Երևանում տեղադրվեց ասորիների ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը, երկրում կասկած կար` արդյո՞ք այդ իրադարձությունները կարելի է համարել ցեղասպանություն։



«Սակայն այսօր մենք կարող ենք հաստատել, որ մեր երկիրը ճանաչեց ցեղասպանությունը։ Խորհրդարանի այս որոշումը նշանակում է, որ ողջ աշխարհի հայկական, հունական և ասորական համայնքները համատեղ պայքարում են 1915–1923թթ.–ին հայերի և այլ քրիստոնյաների ցեղասպանության ճանաչման համար։ Այս համատեղ պայքարը դառնում է ավելի արդյունավետ ՀՀ ԱԺ–ի որոշումից հետո», – նշեց Միխայլովը։



Միխայլովի խոսքով` երեք համայնքներին ավելի հեշտ է պայքարել Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար, այն ներկայացնում է Շվեդիայում, Ավստրալիայում, ԱՄՆ–ի նահանգներում հայերի, ասորիների և հույների ցեղասպանության բանաձևերի ընդունման փորձը։



Բանաձևի տեքստում, մասնավորապես, ասվում է. «Առաջնորդվելով ՄԱԿ–ի Գերագույն ասամբլեայի` 1946 թվականի դեկտեմբերի 11–ի 96 (1) բանաձևով, «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա համար պատժի` ՄԱԿ–ի` 1948 թվականի դեկտեմբերի 9–ի կոնվենցիայով», Ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետի անկիրառելիության ՄԱԿ–ի` 1968 թվականի նոյեմբերի 26–ի կոնվենցիայով, ինչպես նաև մարդու իրավունքների մասին մյուս բոլոր միջազգային ակտերի համապատասխան սկզբունքներով և դրույթներով, հաշվի առնելով դարերի խորքից եկող հայ, հույն և ասորի ժողովուրդների բարեկամական հարաբերությունները` Հայաստանի Ազգային ժողովը հայտարարում է, որ դատապարտում է Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների ցեղասպանությունը»։



«Իլիոս» հունական համայնքի ներկայացուցիչ Սլավա Ռաֆայելիդիսն իր հերթին նշեց, որ համայնքը շնորհակալ է, որ այս հարցը քննարկվել է ԱԺ–ում և ընդունվել է նման բանաձև։



«Մենք տեսնում ենք, որ ինչպես Օսմանյան Թուրքիայի տարածքում, այնպես էլ Ռուանդայում և այլ վայրերում իրականացված բոլոր ցեղասպանությունները պետք է դատապարտվեն, այդ դեպքում դրանք չեն կրկնվի։ Եթե թուրքերին ժամանակին դատապարտեին, ապա չէին լինի ուրիշ ցեղասպանություններ», – նշեց Ռաֆայելիդիսը;



Ասորիների ցեղասպանությունն իրականացվել է Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Տարբեր տվյալներով` ոչնչացվել է մոտ 800 հազար ասորի։



 

 

Նույն շարքից